ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի — Sputnik. Եմենի հյուսիսում իշխող «Անսար Ալլահ» (հութիներ) շիական ռազմաքաղաքական շարժումը հայտարարել է Իսրայելի հարավում գտնվող «Նևատիմ» ավիաբազայի վրա մեկ օրում երկրորդ հրթիռային հարձակման մասին:
«Մենք ռազմական գործողություն ենք իրականացրել օկուպացված Պաղեստինի հարավում գտնվող Նեգև շրջանի «Նևատիմ» ավիաբազայի դեմ։ Նեգևում գործողությունն իրականացվել է հիպերձայնային բալիստիկ հրթիռի կիրառմամբ և հաջողությամբ հասել է իր նպատակին», – ասվում է հութիների զինված ուժերի Telegram–ալիքի տարածած հայտարարության մեջ:
Ապրիլի 26-ին նրանք նաև հայտարարել են Իսրայելի հարավում գտնվող «Նևատիմ» ավիաբազայի ուղղությամբ «Պաղեստին-2» հիպերձայնային հրթիռի արձակման մասին։
Հիշեցնենք, որ հութիները վերսկսել են ռազմական գործողությունները Իսրայելի դեմ՝ Գազայի հատվածում նրա գործողությունների վերսկսման ֆոնին։ Ավելի վաղ հութիների առաջնորդ Աբդել Մալիկ ալ-Հուսին զգուշացրել էր, որ «Անսար Ալլահը» Կարմիր և Արաբական ծովերում կվերսկսի հարձակումները Իսրայելի հետ կապված նավերի վրա, եթե Իսրայելը շարունակի պաղեստինյան Գազայի հատվածի շրջափակումը։