ԵՐԵՎԱՆ, ապրիլի 27 — Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանձնարարությամբ Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարար Ալեքսանդր Կուրենկովը հրամայել է Իրանի Բանդար Աբաս քաղաք ուղարկել երկու ինքնաթիռ, հայտնում է Ռուսաստանի ԱԻն-ը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ցավակցություն է հայտնել Իրանին՝ Բանդար Աբասում Շահիդ Ռաջայի անվան նավահանգստում տեղի ունեցած պայթյունի զոհերի կապակցությամբ և հայտարարել է աղետի հետևանքների վերացմանն աջակցելու պատրաստակամության մասին:
«ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանձնարարությամբ Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարար Ալեքսանդր Կուրենկովը կարգադրել է Իրանի Բենդեր Աբաս քաղաք ուղարկել երկու ինքնաթիռ՝ Բ-200ՉՍ ամֆիբիա և Իլ-76»,- ասվում է գերատեսչության Telegram– ալիքում:
Հիշեցնենք, որ Բենդեր Աբասում ապրիլի 26-ին հզոր պայթյուն է որոտացել։ ԶԼՄ–ների տեղեկություններով` պայթյունը եղել է նավամատույցում` վառելիքի ջրամբարի բռնկման հետևանքով։ Ինչպես հաղորդում է Fars–ը, պայթյունն այնքան հզոր է եղել, որ լսվել է Քեշմ կղզում, որը գտնվում է Պարսից ծոցի Բանդար Աբաս նավահանգստային քաղաքից առնվազն 20 կմ հեռավորության վրա։ Պայթյունի հետևանքով մի քանի կիլոմետր շառավղով պատուհաններ են կոտրվել։
Վերջին տվյալներով՝ տեղի ունեցած պայթյունի հետևանքով առնվազն 28 մարդ է մահացել, ավելի քան 1100 մարդ՝ տուժել։
Իրանի հարավային Հորմոզգան նահանգի ղեկավար Մոհամմադ Աշուրին եռօրյա սուգ է հայտարարել տարածաշրջանում։