«Օրենքով գող Օշականցի Գևորիկը» և ևս 3 անձ ձերբակալվել են. մեքենայում հոգեմետ հաբեր են եղել

Ձերբակալություն. Արխիվային լուսանկար
Վարորդը ոստիկաններին արտոնյալ վարելու համար հատուկ կտրոն է ներկայացրել, իսկ իրավապահները պարզել են` այն կեղծ է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի – Sputnik. Քրեական աշխարհում հայտնի «օրենքով գող» համարվող Գևորգ Մելիքյանը` «Օշականցի Գևորիկը» և ևս 3 անձ «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում ձերբակալվել են։ Տեղեկությունը հայտնում է, որ shamshyan.com–ը։
Նրանք եղել են «Range Rover» մակնիշի ավտոմեքենայով, որի վարորդը ոստիկաններին արտոնյալ վարելու համար հատուկ կտրոն է ներկայացրել, իսկ իրավապահները պարզել են` այն կեղծ է։ Հենց այդ պատճառով էլ վարորդին ու 3 ուղևորի ձերբակալել են։ Ուղևորներից մեկը հենց «Օշականցի Գևորիկն է» եղել։
ՀՀ ներքին գործերի նախարարությունն էլ հայտնում է, որ ապրիլի 22-ին «Զվարթնոց» օդանավակայանի բաժնի ծառայողները ստուգման նպատակով կանգնեցրել են օդանավակայանի տարածքում երթևեկող «Range Rover» մակնիշի ավտոմեքենա։
«Երևանի բնակիչ, 50-ամյա վարորդը ներկայացրել է կեղծ հատուկ կտրոն։ Բացի այդ, մեքենայում եղել է հոգեմետ յոթ հաբ, որոնք ներկայացվել են իրավապահներին։ Վարորդը և երեք ուղևորները ձերբակալվել են։ Կազմված փաստաթղթերը փոխանցվել են տարածքային քննչական բաժին, իսկ ձերբակալվածները տեղափոխվել են ՁՊՎ։ Նախաձեռնվել է քրեական վարույթ»,– ասված է հաղորդագրությունում։
ՆԳՆ ոստիկանությունը զգուշացրել է` կեղծ հատուկ կտրոն կամ ցանկացած այլ կեղծված փաստաթուղթ ներկայացնելը ունենալու է համապատասխան իրավական հետևանքներ։