Պուտինի և Ուիտկոֆի հանդիպումը տևել է 3 ժամ. բանակցությունների մանրամասները

Յուրի Ուշակովը հայտարարել է, որ հանդիպումը թույլ է տվել մերձեցնել ՌԴ-ի և ԱՄՆ-ի դիրքորոշումները ոչ միայն Ուկրաինայի, այլև միջազգային այլ հարցերի շուրջ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի - Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆի հանդիպումը տևել է երեք ժամ և կառուցողական ու օգտակար բնույթ է կրել: Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։
«Երեք ժամանոց զրույց կայացավ, որը կառուցողական և խիստ օգտակար բնույթ էր կրում»,-ասել է նա։
Ուշակովի խոսքով՝ հանդիպման ընթացքում խոսվել է ՌԴ-ի և Ուկրաինայի միջև ուղիղ բանակցությունները վերսկսելու հնարավորության մասին։
«Ինչ վերաբերում է ուկրաինական ճգնաժամին, ապա խոսքը, մասնավորապես, Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի ներկայացուցիչների միջև ուղիղ բանակցությունների վերսկսման հնարավորության մասին էր», - ասել է Ուշակովը:
ՌԴ նախագահի օգնականն ընդգծել է նաև, որ Վլադիմիր Պուտինի և Սթիվ Ուիտկոֆի հանդիպումը թույլ տվեց լրացուցիչ մոտեցնել ՌԴ-ի և ԱՄՆ-ի դիրքորոշումները ոչ միայն Ուկրաինայի, այլև միջազգային այլ հարցերի շուրջ:
Պուտինի և Ուիտկոֆի հանդիպումը
Յուրի Ուշակովը ուշադրություն է հրավիրել այն փաստին, որ հանդիպումը տեղի է ունեցել Էլբայում խորհրդային և ամերիկյան զորքերի հանդիպման 80-ամյակի օրը:
«Ի դեպ, խորհրդանշական է, որ այսօրվա հանդիպումը տեղի է ունեցել Էլբայում խորհրդային և ամերիկյան զորքերի պատմական հանդիպման 80-ամյակի օրը։ Այդ հանդիպումը, բոլորին հայտնի է, խորհրդանշում է մեր երկու երկրների մարտական դաշնակցությունը նացիզմի դեմ պայքարում»,- ասել է Ուշակովը։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիտկոֆի հանդիպումը տեղի է ունեցել ապրիլի 25-ին Կրեմլում: Ռուսական կողմից մասնակցել են նաև ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը և ՌԴ Պետական դումայի նախագահ Կիրիլ Դմիտրիևը:
Պուտինի և Ուիտկոֆի հանդիպումը