ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի – Sputnik. ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը համաձայն է Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուի հայտնած տեսակետին, որ խաղաղապահների մուտքը Ռուսաստանի պատմական տարածքներ հղի է երրորդ համաշխարհային պատերազմ սկսելու վտանգով: Նա այդ մասին ասել է լրագրողներին։
«Մեր դոկտրինում միջուկային զենքի մասին ամեն ինչ նշված է։ Այդ փաստաթուղթը հասանելի է: Ինչ վերաբերում Է Ուկրաինայի տարածքում այսպես կոչված զորամիավորումների տեղակայման քննարկմանը, այո՛, դա մեզ համար բացարձակապես անընդունելի է և, բացի այդ, լուրջ վտանգ է պարունակում ամբողջ եվրոպական, համաշխարհային անվտանգության համար»,- ասել է նա։
Պեսկովը չի մեկնաբանել «խաղաղության պլանի» ենթադրյալ մանրամասների վերաբերյալ տեղեկատվական արտահոսքերը։
«Մենք չենք կարող և չենք ցանկանում մեկնաբանել որևէ արտահոսք, որը կապված է ենթադրյալ ծրագրի ենթադրյալ մանրամասների հետ։ Կրկնում եմ՝ աշխատանքն ընթացքի մեջ է։ Մենք միայն մեր մասով ենք խոսում։ Մեր նպատակն է շարունակել կարգավորման գործընթացը, և գնահատում ենք ամերիկյան կողմի միջնորդական ջանքերը», - ասել է ՌԴ նախագահի խոսնակը։
Ապրիլի 22-ին «The Washington Post» թերթը, հղում անելով իր աղբյուրներին, գրել էր, որ ԱՄՆ-ն պատրաստվում էր ուկրաինական հակամարտության կարգավորման շուրջ հանդիպման ժամանակ ( որը պետք է տեղի ունենար հաջորդ օրը Լոնդոնում) եվրոպական երկրներին և Ուկրաինային առաջարկել Ղրիմը ճանաչել ռուսական տարածք, միաժամանակ Կիևի ռեժիմի դաշնակիցները հույս ունեին դրա դիմաց անվտանգության երաշխիքներ ստանալ Ուկրաինայի համար: