ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի – Sputnik. Ռուսաստանի Դաշնությունը սգում է հայ ժողովրդի հետ։ Այս մասին ասվում է ՀՀ–ում Ռուսաստանի դեսպանատան` Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին ուղերձում։
«Սգում ենք հայ ժողովրդի հետ Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ»,– ասված է ուղերձում։
ՌԴ դեսպանատան հաղորդագրության մեջ ասվում է, որ 1995 թվականի ապրիլի 14-ին ՌԴ Դաշնային ժողովի Պետական դուման, հիմնվելով 20-րդ դարի սկզբին Օսմանյան կայսրության տարածքում հայերի բնաջնջման մասին վկայող անհերքելի պատմական փաստերի վրա, ընդունել է «Հայոց ցեղասպանության դատապարտման մասին» 21-րդ հայտարարությունը. այն դատապարտել է այս անմարդկային ակցիայի կազմակերպիչներին, ցավակցություն հայտնել հայ ժողովրդին և ապրիլի 24-ը ճանաչել որպես Ցեղասպանության զոհերի հիշատակի օր։
Փաստաթղթում նշվում էր, որ եղբայրական հայ ժողովրդի ֆիզիկական ոչնչացումն իր պատմական հայրենիքում իրականացվել է Ռուսական կայսրության հետագա ոչնչացման համար պայմաններ ստեղծելու նպատակով։
Նշենք, որ ՀՀ–ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը Հայաստանի ղեկավարության և այլ դիվանագետների հետ նաև մասնակցել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում ծաղիկներ դնելու և զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցելու արարողությանը։
Հիշեցնենք` 1915 թվականին տեղի ունեցած ոճրագործությունը, որի հետևանքով Օսմանյան կայսրությունում ավելի քան 1.5 մլն հայ է սպանվել, ХХ դարի առաջին ցեղասպանությունն է համարվում։ Թուրքիան ավանդաբար մերժում է ցեղասպանություն իրագործելու մեղադրանքներն ու անչափ ցավագին է ընդունում այդ հարցի վերաբերյալ քննադատությունները։
Հայոց ցեղասպանությունն առաջինը ճանաչել է Ուրուգվայը 1965 թվականին, այնուհետև նրա օրինակին են հետևել Ֆրանսիան, Իտալիան, Գերմանիան, Հոլանդիան, Բելգիան, Լեհաստանը, Լիտվան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, Հունաստանը, Կիպրոսը, Լիբանանը, Կանադան, Վենեսուելան, Արգենտինան, Բրազիլիան, Չիլին, Վատիկանը, Բոլիվիան, Չեխիան, Ավստրիան, Լյուքսեմբուրգը, ԱՄՆ–ն։