ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի – Sputnik. Ապրիլի 24-ը դարձել է ճշմարտության անպարտելիության վկայություն։ Այս մասին ասված է ՀՀ չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանի` Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ հղած ուղերձում։
«Այսօր մենք ոգեկոչում ենք ոչ միայն մեր կորցրածը՝ կյանքեր, բնակավայրեր, հայրենիք, այլև այն, ինչը դիմացավ ժամանակի փորձությանը՝ մեր արժանապատվությունն ու վերածնվելու կամքը։ Անմեղ զոհերի հիշատակը պարզապես վերք չէ, այն նախազգուշացում է, իմաստություն և վերհառնելու ուխտ»,– գրել է նա։
Հիշեցնենք` 1915 թվականին տեղի ունեցած ոճրագործությունը, որի հետևանքով Օսմանյան կայսրությունում ավելի քան 1.5 մլն հայ է սպանվել, ХХ դարի առաջին ցեղասպանությունն է համարվում։ Թուրքիան ավանդաբար մերժում է ցեղասպանություն իրագործելու մեղադրանքներն ու անչափ ցավագին է ընդունում այդ հարցի վերաբերյալ քննադատությունները։
Հայոց ցեղասպանությունն առաջինը ճանաչել է Ուրուգվայը 1965 թվականին, այնուհետև նրա օրինակին են հետևել Ֆրանսիան, Իտալիան, Գերմանիան, Հոլանդիան, Բելգիան, Լեհաստանը, Լիտվան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, Հունաստանը, Կիպրոսը, Լիբանանը, Կանադան, Վենեսուելան, Արգենտինան, Բրազիլիան, Չիլին, Վատիկանը, Բոլիվիան, Չեխիան, Ավստրիան, Լյուքսեմբուրգը, ԱՄՆ–ն։