Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է օրեր առաջ Գյումրիում գլխավոր հյուպատոս Իգոր Տիտովի և ընդդիմադիր «Մայր Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Կարեն Սիմոնյանի հանդիպումը։
«Դա մեր արտասահմանյան դիվանագիտական հաստատությունների առօրյա աշխատանքի մի մասն է։ Ռուս դիվանագետները շփվում են այս կամ այն երկրի քաղաքական ուժերի ամբողջ սպեկտրի ներկայացուցիչների հետ։ Դա արվում է տարբեր ուղղություններով երկկողմ կապերն առաջ մղելու համար»,-հստակեցրել է Զախարովան։
Նրա խոսքով՝ գլխավոր հյուպատոս Իգոր Տիտովը, Մեծ հաղթանակի տոնակատարությանն ընդառաջ, Գյումրիի ավագանու բոլոր քաղաքական ուժերի ղեկավարությանը հրավիրել է մասնակցելու գլխավոր հյուպատոսությունում տեղի ունեցած հանդիսավոր ընդունելությանը:
«Հանդիպմանը քննարկվել են ռուս գործընկերների հետ մշակութային կապերի զարգացմանն առնչվող հարցեր»,-մանրամասնել է Զախարովան, հավելելով, որ այդ հանդիպումը ներքաղաքական որևէ ենթատեքստ չի ունեցել: