Առանց պատմական արդարության հետ առերեսվելու՝ հնարավոր չէ խաղաղություն հաստատել․Գարեգին 2-րդ

Sputnik
Հայոց ցեղասպանության Սուրբ նահատակների հիշատակը ոգեկոչելու համար այսօր Ծիծեռնակաբերդի հուշահամալիր է այցելել նաև Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին 2-րդը՝ Մայր աթոռի հոգևոր հայրերի ուղեկցությամբ։
Ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցը` Արցախում մեր ժողովրդի հանդեպ իրագործված ցեղասպանական գործողությունների, արցախյան կորուստների ցավը մեր սրտում, Ծիծեռնակաբերդում լրագրողներին ասաց Ամենայն հայոց կաթողիկոսը։«Ծիծեռնակաբերդի նվիրական այս բարձունքում մեր հոգևորականների և մեր զավակների հետ աղոթք բարձրացրինք առ Աստված, որ Տերը զորացնի մեր ժողովրդին` իր հոգու ցավն ու տառապանքը ուժի վերածելու, հաղթահարելու մեր կյանքում առկա դժվարությունները և նորանոր իրագործումներով շենացնելու հայրենական մեր երկիրը, կերտելու մեր ժողովրդի պայծառ ու լուսավոր կյանքը»,-լրագրողների հետ զրույցում ասել է Վեհափառը։
«Առանց պատմական արդարության հետ առերեսվելու՝ հնարավոր չէ խաղաղություն հաստատել»,-հավելել է Ամենայն հայոց կաթողիկոսը։