Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս տարեսկզբին հրավիրած մամուլի ասուլիսում հայտարարեց, որ Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման համատեքստում քննարկվում է ոչ միայն միջազգային ատյաններից հայցերը հետ կանչելու, այլև այդ վեճերից ընդհանրապես հրաժարվելու հարցը։
Ըստ Փաշինյանի` եթե փոխադարձաբար վեճերից հրաժարվելու տարբերակը չլինի, ապա մենք մեր ճանապարհը փակած կլինենք հնարավոր էսկալացիան կառավարելու համար։ Ի դեպ, հայցերից փոխադարձ հրաժարվելու հարցը «Խաղաղության համաձայնագրի» վերջին երկու համաձայնեցված կետերից մեկն է։
«Հայաստանի ձեռքին այս պահին խոշորագույն խաղաքարտեր կան, որոնք միջազգային դատական ատյաններում հայցերից հրաժարվելու դեպքում կորելու են»,-Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է «Կոնցեռն դիալոգ» փաստաբանական գրասենյակի կառավարիչ-գործընկեր, փաստաբան, միջազգային իրավունքի մասնագետ Արամ Օրբելյանը։