ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի – Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը աշխարհն ընկալում է որպես շինհրապարակ, որտեղ նորը կառուցելու համար պետք է հինը քանդել: Նման կարծիք «Վալդայ» միջազգային բանավեճային ակումբի նիստում հայտնել է ռուս քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
Նրա խոսքով՝ Թրամփը հաճախ է օգտագործում demolition site («քանդման հարթակ») արտահայտությունը՝ այն կիրառելով տարբեր տարածաշրջանների, օրինակ՝ Գազայի կամ Ուկրաինայի նկատմամբ։
«Նա աշխարհին բառացիորեն նայում է որպես շինհրապարակ, որտեղ ցանկալի է ոչնչացնել այն, ինչ մնացել է, և կառուցել որևէ նոր, ճիշտ և, ինչպես ինքն է կարծում, գեղեցիկ բան, ինչպես դա արել է Մանհեթենում», - նշել է Լուկյանովը:
Փորձագետը հավելել է, որ դրանում, մի կողմից, կարելի է նկատել հեգնանքի տարր, բայց մյուս կողմից՝ այն արտացոլում է ավելի խորը իրականությունը։ Միջազգային համակարգի ներկա վիճակը, նրա խոսքով, աննախադեպ է. 20-րդ դարի երկրորդ կեսին ապրած մարդկանցից ոչ ոք նման բան չի տեսել:
Լուկյանովը հիշեցրել է, որ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ավերակների վերածված աշխարհում ստեղծվել է ՄԱԿ-ը՝ որպես միջազգային կարգի հիմնական գործիք։ Չնայած հակամարտություններին և ճգնաժամերին, այդ ժամանակներից ի վեր գլոբալ համակարգը պահպանել է հարաբերական կարգուկանոնը և թույլ է տվել հաղթահարել ցնցումները՝ առանց դեպի ամբողջական ոչնչացում գնալու։ Այս կարգը միշտ չէ, որ գիտակցված էր, բայց հիմնականում գործում էր՝ այդ թվում նաև զգացողությունների հիման վրա:
«1945 թվականից ի վեր ընկած ժամանակահատվածը պատմական համատեքստում աներևակայելի հանգիստ է եղել՝ ինչպես նախորդ դարաշրջանների համեմատ, այնպես էլ այն առումով, թե ինչ կարող է մեզ սպասել առջևում», - ընդգծել է նա:
Ըստ Լուկյանովի՝ այդ համակարգն իրեն սպառել է. փոխվել են նրա գոյության բոլոր առանցքային պայմանները։ Նա կարծում է, որ առաջիկա տասնամյակներում ներկա կարգին նմանվող ոչինչ այլևս չի լինի։