Ստամբուլում երկրաշարժի հետևանքով մոտ 240 մարդ Է տուժել

Գրեթե բոլոր տուժածները խուճապահար են եղել և բարձրությունից ցատկել են։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի – Sputnik. Ստամբուլում այսօր գրանցված երկրաշարժի հետևանքով տուժել է մոտ 240 մարդ: Տեղեկությունը հայտնում են թուրքական լրատվամիջոցները՝ նշելով, որ մարդիկ հիմնականում վնասվածքներ են ստացել խուճապից բարձրությունից ցատկելու պատճառով:
Ստամբուլում երկրաշարժի հետևանքով լքված մեկ շենք է փլուզվել, ևս 12 շենքերի բնակիչներ տարհանվել են․ զոհեր չկան։ Արդեն գրանցվել է մոտ 130 հետցնցում։
«Երկրաշարժի հետևանքով որևէ շենքի փլուզումից տուժածներ չկան։ Խոսքը միայն նրանց մասին է, ովքեր ցնցումներից հետո խուճապի են մատնվել և ցատկել բարձրությունից կամ խուճապային գրոհի ենթարկվել։ Ընդհանուր առմամբ՝ 236 մարդ է տուժել, նրանց վիճակը նորմալ է»,- ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Թուրքիայի առողջապահության նախարար Քեմալ Մեմիշօղլուն:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Թուրքիայի տարերային աղետների հետևանքների վերացման վարչության տվյալներով՝ այսօր՝ 12։50-ի սահմաններում 6,2 մագնիտուդով երկրաշարժը տեղի է ունեցել Մարմարա ծովում՝ Ստամբուլի ափերի մոտ։ Երկրաշարժին հաջորդել են հետցնցումներ: