ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի - Sputnik. ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն The Free Press պորտալին տված հարցազրույցում հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն պետք է մնա լիարժեք պաշտպանական դաշինք, այլ ոչ թե վերածվի միության, որտեղ հիմնական բեռը կրում են միայն ԱՄՆ-ն ու «մի քանի կրտսեր գործընկերներ»:
«ՆԱՏՕ-ն, անշուշտ, կարևոր և օգտակար դաշինք է։ Առաջատար տնտեսությունների և զարգացած զինված ուժեր ունեցող երկրների հետ համագործակցության հնարավորությունն ամրապնդում է ԱՄՆ-ի դիրքերը: Դա բխում է մեր շահերից», - նշել է Ռուբիոն։
Միաժամանակ նա ընդգծել է, որ միությունը պետք է գործի բոլոր անդամների իրավահավասար մասնակցության սկզբունքով։
«Դաշինքն իմաստ ունի միայն այն ժամանակ, երբ գործընկերները կատարում են իրենց պարտավորությունները։ Եթե որոշ պետություններ պաշտպանության վրա ծախսում են ՀՆԱ-ի միայն 1-1,2 % -ը, դա արդեն գործընկերություն չէ, այլ կախվածություն», - ամփոփել է պետքարտուղարը։
Հիշեցնենք` հունվարի 23-ին առցանց ձևաչափով ելույթ ունենալով Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովում՝ Թրամփը հայտարարել էր, որ մտադիր է ՆԱՏՕ-ի բոլոր անդամ երկրներից պահանջել պաշտպանական ծախսերը հասցնել իրենց ՀՆԱ-ի 5 %-ին: