Խախտումներ են եղել «Այգում» և «Դուստր Մարիաննայում». գործունեությունները կասեցվել են

Ընկերություններին ժամանակ է տրվել հայտնաբերված խախտումները վերացնելու համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի – Sputnik. «Այգ Գրուպ» և «Դուստր Մարիաննա» ՍՊԸ–ների առանձին արտադրատեսակների արտադրական գործունեությունները կասեցվել են. հայտնաբերվել են մանրէաբանական շեղումներ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը։
Երևանի կենտրոնի տեսուչները «Այգ Գրուպ» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրամասում (Կոտայքի մարզ, գյուղ Գեղաշեն), ստուգումներ են արել։ Տեսուչներն այդ ընթացքում կատարել են ապրանքնատեսակների նմուշառում և հանձնել լաբորատոր հետազոտության:
«Ըստ լաբորատոր փորձաքննության արդյունքների` «Մոցարելլա» և «Լոռի» պանիրների նմուշները ԱՑԽՄ՝ աղիքային ցուպիկի խմբի մանրէներ ցուցանիշով, «թթվասեր 20%» նմուշը ԱՑԽՄ, խմորասնկեր, կաթնաշոռի նմուշը՝ կաթնաթթվային միկրոօրգանիզմներ, ԱՑԽՄ, աղիքային ցուպիկի խմբի մանրէներ ցուցանիշով, խմորասնկեր, բորբոսասնկեր, քամած մածունի նմուշը՝ ԱՑԽՄ, խմորասնկեր, բորբոսասնկեր ցուցանիշներով չեն համապատասխանել Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգերով սահմանված պահանջներին»,– ասված է հաղորդագրությունում։
«Դուստր Մարիաննա» ընկերության կաթնամթերքի արտադրությունում էլ նմուշառումներ են կատարվել արտադրվող տեսականուց: Լաբորատոր փորձաքննության արդյունքներով՝ «Կարագ սերուցքային 82,5» յուղի զանգվածային մասով 20գ-ոց» արտադրատեսակի նմուշը՝ ՄԱՖԱնՄՔ՝ մեզոֆիլ աէրոբ և ֆակուլտատիվ անաէրոբ մանրէներ, ԱՑԽՄ՝ աղիքային ցուպիկի խմբի մանրէներ, խմորասնկեր, բորբոսասնկեր մանրէաբանական ցուցանիշներով նույնպես չի համապատասխանել Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգերով սահմանված նորմերին:
ՍԱՏՄ ղեկավարի որոշմամբ՝ ընկերությունների արտադրամասերի առանձին արտադրատեսակների գործունեությունները դադարեցվել է, մինչև հայտնաբերված խախտումները վերացնելը։