Հարցի առաջմղումը զսպող դեր կունենա. Տիգրան Աբրահամյանը` Ցեղասպանության ճանաչման մասին

Տիգրան Աբրահամյանը նշում է, որ ՀՀ իշխանությունների այն մոտեցումը, որ փորձում են ուրանալ Հայոց ցեղասպանությունը` Հայաստանի դեմ գործելու բարենպաստ դաշտ է ձևավորում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի – Sputnik. Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցն արտաքին քաղաքական օրակարգում ունենալն ու միջազգային հարթությունում առաջ մղելը կանխարգելող և զսպող դեր ունի Հայաստանի դեմ նոր ողբերգություններ թույլ չտալու առումով։ Այս մասին գրել է ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
«Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցն արտաքին քաղաքական օրակարգում ունենալն ու միջազգային հարթությունում առաջ մղելը ոչ միայն մեր երկրի համար պատմական հիշողության և արժանապատվության խնդիր է, այլ ունի կանխարգելող, զսպող դեր Հայաստանի դեմ նոր ողբերգություններ թույլ չտալու առումով: Թուրքիան այն երկիրն է, որը 44-օրյա պատերազմից հետո, բարձրագույն մակարդակով հպարտորեն խոսում էր հայ ժողովրդի դեմ պատերազմում իր ունեցած մեծ դերի մասին և մեզ սպառնում էր ոչնչացմամբ` հիմքում ունենալով թուրք-ադրբեջանական պահանջների կատարումը»,– նշել է Աբրահամյանը:
Նրա խոսքով` փաշինյանական իշխանությունը բոլոր մակարդակներում զիջել է նախաձեռնողականությունն ու երկրի ճիշտ դիրքավորումը, Հայաստանին մտցնելով չավարտվող պարտությունների տեղապտույտների դաշտ:
Ընդդիմադիր պատգամավորը շեշտել է` իշխանությունը հետևողականորեն արդարացնում է Արցախի հանձնումն ու ուրանում Ցեղասպանության թեման, ինչը ոչ միայն չի կանխում ՀՀ–ի դեմ հնարավոր ոտնձգությունները, այլև դրա դեմ գործելու բարենպաստ դաշտ է ձևավորում տարածքային հավակնություններ ունեցող երկրների համար:
Հիշեցնենք, որ վերջին շրջանում ՀՀ իշխանությունները Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման դեմ հայտարարություններ են սկսել անել։ Երևան ժամանած թուրք լրագրողների հետ մարտի 13-ին կայացած հարցազրույցի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է` Ցեղասպանության միջազգային ճանաչումը Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունների շարքում չէ։