ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և արտգործնախարարությունը ցավակցություն են հայտնել Հնդկաստանի Պահալգամ քաղաքում տեղի ունեցած ահաբեկչության առնչությամբ։
Նշենք, որ ապրիլի 22-ին Հնդկաստանի հյուսիսում գտնվող Ջամու և Քաշմիր միության տարածքում զբոսաշրջիկների խմբի վրա ահաբեկիչների հարձակման հետևանքով, վերջին տվյալներով, առնվազն 27 մարդ զոհվել է, 12-ը՝ վիրավորվել։
«Խորապես վշտացած եմ Պահալգամի հրեշավոր ահաբեկչական գործողությունից։ Իմ անկեղծ ցավակցությունն եմ հայտնում զոհվածների ընտանիքներին։ Հայաստանը խստորեն դատապարտում է ահաբեկչությունն իր բոլոր ձևերով»,– X-ի իր էջում գրել է Փաշինյանը։
ՀՀ արտգործնախարարությունն էլ նշել է, որ ցնցված է Պահալգամում ահաբեչության լուրից ու խորին ցավակցությունն է հայտնել զոհվածների ընտանիքներին և շուտափույթ ապաքինում մաղթել վիրավորներին։
«Հայաստանը եղբայրական Հնդկաստանի հետ միասին հանդես է գալիս ահաբեկչության ցանկացած ձևի դեմ»,– ընդգծել է գերատեսչությունը։
Հիշեցնենք, որ տեղական ոստիկանության տվյալներով՝ զինվորական համազգեստով 2-3 մարդ անկանոն կրակ են բացել ձիով զբոսնող զբոսաշրջիկների ուղղությամբ: Հարձակումը տեղի է ունեցել Բայսարան հովտում, որը հայտնի է իր անտառներով, մաքուր լճերով և մարգագետիններով ու մեծ մասսայականություն է վայելում զբոսաշրջիկների շրջանում։