ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի – Sputnik. Երևանի Տիգրան Մեծի պողոտայում տրանսպորտային միջոցներից մեկի վարորդը դանակահարել է 38 երթուղին սպասարկող հանրային տրանսպորտի վարորդին։ Տեղեկությունը հայտնում է «Երևանի ավտոբուս» ՓԲԸ–ի մամուլի խոսնակ Գեղամ Ասատրյանը։
Ասատրյանը նշել է, որ ավտոբուսի և մեկ այլ տրանսպորտային միջոցի (թեթև մարդատար) վարորդների միջև վիճաբանություն է եղել վարելու հետ կապված հարցի շուրջ։
«Քիչ առաջ միջադեպ է տեղի ունեցել թիվ 38 երթուղին սպասարկող վարորդի և մեկ այլ տրանսպորտային միջոցի վարորդի միջև»,– գրել է ՓԲԸ–ի մամուլի խոսնակը։
«Երևանի ավտոբուս»-ի վարորդը տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց։
Բժշկական կենտրոնից Sputnik Արմենիային հայտնեցին, որ վարորդի վիճակը բավարար է։