Պայմանագիրը չի երկարաձգվել. աշխատանքից ազատվել է Նուբարաշենի հոգեբուժարանի տնօրենը

Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի – Sputnik. Նուբարաշենի հոգեբուժական հիվանդանոցի տնօրեն Սերգեյ Խաչատրյանը 6 տարվա աշխատանքից հետո ազատվել է այդ պաշտոնից. պայմանագրի ժամկետն է լրացել։ Այս մասին Խաչատրյանը հայտնել է «Ֆեյսբուքի» իր էջում։
«Ահա եկավ օրն ու ժամը` թողնելու Նուբարաշենի հոգեբուժական հիվանդանոցի /ՀՀ ԱՆ «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն» ՓԲԸ/ տնօրենի պաշտոնը։ Իմ հետ կնքված պայմանագրի ժամկետը լրացավ, և այն երկարացնելու առաջարկ չստացա։ Անկեղծ ասած, երկուսի համար էլ շնորհակալ եմ։ Այս երկար ու ձիգ 6 տարվա ընթացքում ինձ համար նոր աշխարհ եմ բացահայտել։ Մոռացված և լքված ոլորտ, անբարեկեցիկ և հուսախաբ, ոտնահարված իրավունքներով և անպաշտպան, անմարդկային պայմաններում ապրող պացիենտներ, խարան։ Անվերջ խարան»,– գրել է նա։
Հոգեբուժական հիվանդանոցի տնօրենն ընդգծել է, որ այս ոլորտում ծայրահեղաբար շեշտված են մարդկային որակներն ու հարաբերությունները` և՛ լավ, և՛ վատ տեսանկյուններից։ Խաչատրյանի պնդմամբ` 6 տարում կարողացել է իր ներդրումն ունենալ ոլորտի բարելավման գործում։ Նա շնորհակալություն է հայտնել այն թիմին, որի հետ աշխատել է, ինչպես նաև առողջապահության նախարարությանը, բազմաթիվ գործընկերների, պետական և ոչ պետական կառույցներին։
Հիշեցնենք, որ ապրիլի 21-ին էլ Կախվածությունների բուժման ազգային կենտրոնի տնօրեն Սուրեն Նազինյանը ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանից գրություն էր ստացել, որ 5 տարի պաշտոնավարելուց հետո, մայիսի 4-ից լուծվում է նրա հետ կնքված պայմանագիրը։