ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի – Sputnik. Մոնղոլիայի և Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) միջև առևտրի մասին ժամանակավոր համաձայնագիրը Մոնղոլիայի կառավարության կարևորագույն հարցն է աշխարհում առևտրային պատերազմի պայմաններում։ Այս մասին հայտարարել է Մոնղոլիայի կառավարության նախագահի առաջին տեղակալ, էկոնոմիկայի և զարգացման նախարար Լուվսանյամին Գանտումուրը։
Համաձայնագիրը, որի շուրջ այժմ բանակցություններ են ընթանում, ներառված է Մոնղոլիայի երկարաժամկետ զարգացման ծրագրում։
«ԵԱՏՄ երկրների հետ առևտուրը մեր շուկան ընդլայնելու հիանալի հնարավորություն է աշխարհում առևտրային պատերազմի պատճառով անորոշության և ներդրումների կրճատման ժամանակաշրջանում», – ասել է առաջին փոխվարչապետը։
Նա հավելել է, որ համաշխարհային տնտեսական աճի տեմպերի նվազման պատճառով սպասվում է նաև տնտեսական աճի դանդաղում Չինաստանում, որը Մոնղոլիայի բնական հումքի հիմնական սպառողն է։ Մոնղոլիայի բյուջեի եկամուտները կախված են հանքարդյունաբերության արտադրանքի արտահանումից։
Հիշեցնենք` Մոնղոլիայի հետ ժամանակավոր առևտրային համաձայնագիր կնքելու մասին որոշումն ընդունվել է 2024 թվականի մայիսի 8-ին Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում։ Համաձայնագրի շրջանակում փոխադարձ առևտրի տուրքերը կվերացվեն կամ կկրճատվեն մի շարք ապրանքների համար։