Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ մասնակցել է Արդարադատության նախարարության կազմակերպած «Արդարադատությունը որպես արդարության հասնելու գործիք» խորագրով համաժողովին: Միջոցառման շրջանակում քննարկվել են արդարադատության իրականացման արդի մարտահրավերների, դատական համակարգի արդյունավետության, դրա նկատմամբ հանրային վստահության բարձրացման, իրավական բարեփոխումների ազդեցության, ինչպես նաև խափանման միջոցների կիրառման հարցերը:
«Ինչո՞ւ է ուշանում արդարադատությունը» խորագրով պանելային քննարկման ժամանակ վարչապետ Փաշինյանը կարծիք է հայտնել, որ Հայաստանում արդարադատության և սահմանադիրի՝ ժողովրդի միջև, այնուամենայնիվ, որոշակի խզում կա, ընդ որում՝ և՛ կառուցակարգային, և՛ բովանդակային:
Ըստ Փաշինյանի՝ Հայաստանում արդարադատությունը հասկանալի չէ շատերին։ «Մենք ասում ենք՝ ինչո՞ւ է ուշանում արդարադատությունը. արդարադատությունը ոչ թե ուշանում է, այլ տեղ չի հասնում: Ինքն անընդհատ պրոցես է, այն չի հանգուցալուծվում»,-ընդգծել է երկրի ղեկավարը:
Փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանն էլ փաստել է, որ Հայաստանում դատավորների 40 տոկոս դեֆիցիտ կա։ «Դատական իշխանության հեղինակությունն այսօր այնքան է ընկած, որ բուհն ավարտող որակյալ կադրերը չեն ցանկանում դատավոր դառնալ»,-Sputnik Արմենիայի հետ զրույցում նշել է բարձրագույն դատական խորհրդի նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանը։