ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի – Sputnik. Կախվածությունների բուժման ազգային կենտրոնի տնօրեն Սուրեն Նազինյանը կազատվի պաշտոնից։ Կենտրոնի ֆեյսբուքյան էջում հրապարակվել է նրա հայտարարությունը։
Ըստ այդ հայտարարության` Նազինյանն այսօր ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանից գրություն է ստացել, համաձայն որի` 2020 թվականի մայիսի 4-ին նախարարության հետ կնքած պայմանագիրը կլուծվի մայիսի 4-ին։
Նազինյանը նշել է, որ տվյալ դեպքում ՀՀ ԱՆ-ի կողմից իրենց հայեցողության շրջանակներում չի կիրառվել ՀՀ կառավարության որոշումներից մեկը։
«Համաձայն դրա՝ պայմանագրով նախատեսված ժամկետը լրանալուց հետո այն կարող է երկարաձգվել կողմերի փոխադարձ համաձայնությամբ` ոչ ավելի, քան 3 տարի ժամկետով: Սույն դրույթի կիրառելիության արդիականությունը պայմանավորված է ոչ միայն ոլորտի (թմրաբանական բժշկական օգնության և սպասարկման) առանձնահատկությամբ և յուրահատկությամբ, այլ նաև իմ կողմից վարած պատշաճ և արդյունավետ կառավարման քաղաքականությամբ»,– նշել է կենտրոնի տնօրենը։
Նա հիշեցրել է, որ 2020 թ–ից սկսած Կախվածությունների բուժման ազգային կենտրոնում իրականացվել են լայնածավալ բարեփոխումներ ինչպես թմրաբանական բժշկական օգնության և սպասարկման որակի բարձրացման ուղղությամբ, այնպես էլ աշխատակիցների սոցիալական վիճակի և աշխատանքային պայմանների բարելավման, օրինականության ամրապնդման, նախկինում առկա զեղծարարությունների վերացման և բացառման ուղղությամբ:
Նազինյանը համագործակցության համար շնորհակալություն է հայտնել մի շարք պետական և ոչ պետական կառույցների, ՀԿ–ների, հիմնադրամների, կրթական հաստատությունների և այլն։
Նա շեշտել է, որ թմրաբանական բժշկական ոլորտում դեռևս շատ անավարտ աշխատանքներ ու բարեփոխումներ ունի անելու, ինչպես նաև չի պատրաստվում հեռանալ ոլորտից։
Հիշեցնենք` ապրիլի սկզբին հայտնի դարձավ, որ միանգամից երկու բուժհաստատությունների տնօրեններ` Արման Հովակիմյանը և Նարեկ Մանուկյանը աշխատանքից ազատվելու դիմումներ են գրել։ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտարարեց, որ տնօրենների փոփոխություններ են սպասվում նաև այլ բուժկենտրոններում։
Ավելի ուշ ԶԼՄ–ները հայտնեցին, որ ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրենի պաշտոնակատար է նշանակվել Կարեն Ծառուկյանը։ Ապրիլի 17-ին նախարարարությունը հայտնեց, որ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ–ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել ՔՊ–ական նախկին պատգամավոր Նարեկ Զեյնալյանը: