ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի – Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսով զրուցել է Հարավաֆրիկյան Հանրապետության ղեկավար Սիրիլ Ռամաֆոսայի հետ: Տեղեկությունը հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:
«Քննարկվել են երկկողմ փոխշահավետ համագործակցության հետագա զարգացմանն առնչվող հարցեր, այդ թվում՝ առևտրատնտեսական և ներդրումային ոլորտներում»,- ասված է հաղորդագրության մեջ:
Հաշվի առնելով ուկրաինական ճգնաժամի խաղաղ կարգավորման ուղիների որոնմանն աջակցելու հարցում Հարավաֆրիկյան Հանրապետության շահագրգռվածությունը` Պուտինը ներկայացրել է հակամարտության արմատական պատճառների վերացման և Ռուսաստանի անվտանգության շահերի ապահովման անհրաժեշտության վերաբերյալ ռուսական սկզբունքային դիրքորոշումը:
Ռուսաստանի նախագահը Սիրիլ Ռամաֆոսային և Հարավաֆրիկյան Հանրապետության ժողովրդին շնորհավորել է երկրի ազգային տոնի՝ ապրիլի 27-ին նշվող Ազատության օրվա կապակցությամբ։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել շփումները տարբեր մակարդակներում։