Իսրայելը չի բացառում Իրանի միջուկային օբյեկտների վրա հարձակումը. ԶԼՄ

Իրան
Գործակալությունը նշում է, որ Իսրայելին անհրաժեշտ կլինի ստանալ ԱՄՆ-ի աջակցությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի — Sputnik. Իսրայելը չի բացառում Իրանի միջուկային օբյեկտների վրա հարձակումը` չնայած ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախազգուշացմանը, որ ինքը հիմա պատրաստ չէ աջակցել նման որոշմանը: Այս մասին գրում է «Reuters»-ը՝ հղում անելով իսրայելցի մեկ պաշտոնյայի և հարցին քաջածանոթ երկու մարդկանց` առանց նրանց անունները հրապարակելու։
Ըստ գործակալության տվյալների՝ անցած ամիսների ընթացքում Իսրայելը Թրամփի վարչակազմին մի շարք առաջարկներ է ներկայացրել տարբեր ինտենսիվության գործողությունների վերաբերյալ` ուղղված իրանական միջուկային օբյեկտների դեմ, այդ թվում՝ ավիահարվածների և հատուկ նշանակության ուժերի կիրառմամբ։ Դրանք մասամբ կրկնում են այն առաջարկները, որոնք Իսրայելը ներկայացրել էր ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենին։ Հնարավոր ժամկետ է նշվում գարնան վերջը կամ ամառը։
Գործակալությունը գրում է, որ իսրայելցի պաշտոնյաները հակված են սահմանափակ գործողության, սակայն ամեն դեպքում Իսրայելին անհրաժեշտ կլինի ստանալ ԱՄՆ-ի աջակցությունը, առնվազն Իրանի պատասխան հարվածների դեպքում:
Հիշեցնենք` փետրվարի 4-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր ստորագրեց Իրանի դեմ առավելագույն ճնշում գործադրելու մասին, սակայն հույս հայտնեց, որ ԱՄՆ-ն ստիպված չի լինի այն հաճախակի օգտագործել: Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին ի պատասխան հայտարարեց, որ «առավելագույն ճնշման» ամերիկյան քաղաքականությունը ձախողված է։
ՄԱԳԱՏԷ–ն մտադիր է դերակատարություն ունենալ Իրան–ԱՄՆ բանակցություններում. Գրոսի