ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի - Sputnik. Եմենի հյուսիսում իշխող «Անսար Ալլահ» (հութիներ) ռազմաքաղաքական շարժումը հայտարարել է, որ հարձակվել է Թել Ավիվի Բեն Գուրիոն օդանավակայանի ռազմական թիրախի, ինչպես նաև Կարմիր և Արաբական ծովերում ԱՄՆ «Harry Truman» և «Carl Vinson» ավիակիրների վրա:
Ինչպես ասվում է հութիական զինված ուժերի տելեգրամյան ալիքում հրապարակված հայտարարության մեջ, այդ հարձակումները հութիներն իրականացրել են` ի պատասխան ԱՄՆ-ի կողմից Եմենի արևմուտքում նավթային նավահանգստի ռմբակոծմանը:
«Եմենի ռազմաօդային ուժերը «Զուլֆիկար» բալիստիկ հրթիռի կիրառմամբ ռազմական գործողություն են իրականացրել՝ հարված հասցնելով Բեն Գուրիոն օդանավակայանի շրջանում գտնվող ռազմական օբյեկտին»,-նշել են հութիները։
Ինչ վերաբերում է ամերիկյան ավիակիրներին, ապա հստակեցվում է, որ խոսքը «Harry Truman»-ի և «Carl Vinson»-ի մասին է:
Ընդ որում, հութիների ռազմական հրամանատարությունն ընդգծել է, որ դա Արաբական ծով ժամանելուց հետո «Carl Vinson» ավիակրի վրա հարձակման առաջին դեպքն է:
Դրանից բացի, հութիները մայրաքաղաքային Սանա նահանգի երկնքում խոցել են ամերիկյան հերթական MQ-9 հետախուզական ԱԹՍ-ն:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ապրիլի 17–ի լույս 18-ի գիշերը ամերիկյան կործանիչ ավիացիան առնվազն 14 հարված է հասցրել Եմենի Հոդեյդա նահանգի Ռաս-Իսա նավթային նավահանգստին, ինչի հետևանքով, ըստ հութիների առողջապահության նախարարության տվյալների, զոհվել է 74 մարդ, վիրավորվել ավելի քան 170-ը: