Հավասարապես պատրաստ ենք պայքարել պատմության խեղաթյուրման դեմ. Մատվիենկոն` ԱՊՀ–ի մասին

Մատիվենկոն նշել է, որ ԱՊՀ երկրների խորհրդարանների նախագահները հավասարապես հարգում են ֆաշիզմի դեմ պայքարում ընկածների հիշատակը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի – Sputnik. ԱՊՀ անդամ երկրների խորհրդարանների նախագահները հավասարապես տրամադրված են պայքարելու պատմությունը խեղաթյուրելու և կեղծելու փորձերի դեմ։ Լրագրողների հետ զրույցում այս մասին ասել է Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն։
«Այն փաստը, որ ԱՊՀ երկրների խորհրդարանների նախագահները, պատգամավորները, ազգային պատվիրակությունների անդամները միասին եկել են Պիսկարյովսկոյե գերեզմանատուն՝ հարգանքի տուրք մատուցելու Լենինգրադի հերոսական պաշտպանների հիշատակին, շատ բան է ասում… Մենք հավասարապես տրամադրված ենք պայքարելու պատմությունը խեղաթյուրելու և կեղծելու, դասագրքերը վերաշարադրելու փորձերի դեմ, ինչը տեղի է ունենում այսօր մի շարք պետություններում», – ասել է նա:
Մատիվենկոն նշել է, որ ԱՊՀ երկրների խորհրդարանների նախագահները, ինչպես 80 տարի առաջ, հավասարապես հարգում են Խորհրդային Միությունում ապրած և ֆաշիզմի դեմ պայքարում ընկած միլիոնավոր համաքաղաքացիների, բոլոր ազգությունների մարդկանց հիշատակը։
Նրա խոսքով` սա երաշխիք է, որ աշխարհն ու Եվրոպան «ֆաշիստական ժանտախտից» ազատագրած Կարմիր բանակի և ժողովուրդների սխրանքը մոռացության չի մատնվի։
«Եվ առավել սրբապիղծ են այսօր հնչում մի շարք եվրոպական պետությունների` շքերթին չմասնակցելու կոչերը... Խորհրդային Միության, Կարմիր բանակի, հետխորհրդային տարածքում այսօր ապրող բոլոր ժողովուրդների դերը նսեմացնելու փորձերը։ Այդ իսկ պատճառով շատ կարևոր է դա հիշելը», – ասել է ԴԽ նախագահը։
Մատվիենկոն հայտնել է, որ այսօր ԱՊՀ պետությունների միջխորհրդարանական վեհաժողովի հանդիսավոր նիստի ժամանակ, որը նվիրված է Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակին, այս մասին ևս խոսվելու է, ինչպես նաև քննարկվելու՝ ինչպես միավորել ջանքերը պատմությունը և հիշողությունը պաշտպանելու գործում։
ԱՊՀ բոլոր երկրների ղեկավարները ներկա կլինեն Մոսկվայում մայիսի 9-ի միջոցառումներին. Լեբեդև