Ապրում եմ 60 քմ տանը. Շահրամանյանը` թալանի վերաբերյալ իր հասցեին հնչող մեղադրանքների մասին

Արցախի նախագահը նշում է, որ բնակարանը, որտեղ ինքն իր ընտանիքով ապրում է, ձեռք է բերել 2012 թվականին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի – Sputnik. Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հերքում է տարածվող այն լուրերը, թե ինքը տարբեր բիզնեսներ ունի և ապրում է դղյակներում։ Լրագրողների հետ զրույցում Շահրամանյանն ասաց այս մասին` անդրադառնալով` իր հասցեին հնչող այն մեղադրանքներին, թե Արցախում թալանողներից մեկն էլ ինքն է եղել։
«Ինձ հետ հանդիպած անձինք երբևէ նման մեղադրանք չեն հնչեցրել, բայց այլ հարթակներում տարբեր քննարկումներ եղել են։ Ասում են, թե Արցախի նախագահը դղյակներում է ապրում, տաքսի սերվիսներ, այլ բիզնեսներ ունի, գազի «զապրավկաներ» է ձեռք բերել։ Այս ամենը ճշմարտությանը չի համապատասխանում։ Ընտանիքիս հետ ապրում եմ 2012 թվականին Հայաստանում ձեռք բերված 60 քմ տարածքով 2 սենյականոց բնակարանում, իմ 5 հոգանոց ընտանիքով»,– նշեց Շահրամանյանը։
Նշենք, որ Արցախի ներկայացուցչության առջև արցախցիներն ակցիա են իրականացրել` պահանջելով նախագահ Սամվել Շահրամանյանից լուծել իրենց սոցիալական հարցերը ու դատախազության միջոցով օգնել քաղաքացիներին վերադարձնել Արցախում 48 ընտանիքի կողմից թալանված 467 մլն դոլարը, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն է փոխանցել Արցախին։ Ակցիայի սկզբում Սամվել Շահրամանյանից նաև պահանջեցին գնալ դատախազություն և իմանալ, թե ինչ փուլում է 1.5 տարի առաջ հարուցված քրեական գործը։