Հակակոռուպցիոն կոմիտեում կադրային ջարդ է սկսել. գլխավոր քարտուղարը չի ցանկացել դիմում գրել

Հակակոռուպցիոն կոմիտե
Չի բացառվում, որ Գերասիմ Մկրտչյանի պաշտոնանկության պատճառը փոխկապակցված է հայտնի «գազի բանդայի» հետ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի – Sputnik. Հակակոռուպցիոն կոմիտեի նորանշանակ նախագահը կադրային ջարդ է սկսել ու հերթով ազատվում է կոմիտեի այն պաշտոնյաներից, որոնք ընդվզել են իր նշանակման դեմ կամ սկանդալային պատմության կենտրոններում են հայտնվել։ Տեղեկությունը հայտնում է «Ժողովուրդ» օրաթերթը։
«Կոմիտեում կադրային ջարդը սկսվել է, և նորանշանակ նախագահը ազատվում է կոմիտեի սկանդալային պատմության կենտրոններում հայտնված պաշտոնյաներից։ Ազատվածներից մեկն էլ եղել է Հակակոռուպցիոն կոմիտեի գլխավոր քարտուղար Գերասիմ Մկրտչյանը, որը կոմիտեի նախագահի որոշման դեմ ընդվզել է, «կռիվ է տվել» ու չի ցանկացել ինքնակամ դիմում գրել և հեռանալ համակարգից, սակայն նրա դիմադրությունն արդյունք չի տվել:
Լրատվականի` իրավապահ համակարգի աղբյուրները չեն բացառում, որ Գերասիմ Մկրտչյանի պաշտոնանկության պատճառը փոխկապակցված է հայտնի «գազի բանդայի» հետ։ Ըստ պարբերականի` նախկին պատգամավոր Նահապետ Գևորգյանն ու նրա երկու որդիները, ինչպես նաև ԱԺ նախկին պատգամավոր Կարո Կարապետյանի որդին՝ Վիլեն Կարապետյանը, խմբով կազմակերպված «գազագողություն» են կազմակերպել, և հարկային ծառայությունն անկարող է եղել վիճակը վերահսկել:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀԿ–ական նախկին պատգամավոր Նահապետ Գևորգյանը և ԲՀԿ–ական պատգամավոր Կարո Կարապետյանի (Յուվենցի Կարո) որդին` Վիլիկ Կարապետյանը, կալանավորվել են։ ՀՀ քննչական կոմիտեից հայտնել էին, որ գազալցակայանների սեփականատերերը խուսափել են շուրջ 2 մլրդ դրամի հարկային պարտավորություններ կատարելուց։