Սահմանադրությունը եթե դառնում է քաղաքական ուժերի կոմպրոմիսի արդյունք, ապա վերածվում է քաղիրավական փաստաթղթի.Այվազյան

Sputnik
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում առաջին անգամ հայտարարեց, որ նոր Սահմանադրության տեքստում Անկախության հռչակագրին հղում պետք է չլինի։ Երկրի ղեկավարը շեշտեց, որ դա իր քաղաքական դիրքորոշումն է։
«Ես ասել եմ, որ այդ տեքստը նրա մասին է, որ Հայաստանի անկախ հանրապետություն, պետականություն չի կարող լինել, դա անհնար է: Եթե ես սա ասում եմ, հետևաբար՝ ես չեմ կարող ասել, որ նոր Սահմանադրության տեքստում պետք է լինի հղում Անկախության հռչակագրին։ Ընդհակառակը՝ ես կարող եմ ասել, որ իմ կարծիքով՝ նոր Սահմանադրության տեքստում չպետք է լինի հղում Անկախության հռչակագրին, բայց էլի ուզում եմ ասել՝ որոշողը Հայաստանի Հանրապետության ժողովուրդն է, իհարկե՝ կողմ և դեմ փաստարկներ բերողը քաղաքական ուժերն են»,-հավելել է Փաշինյանը։
Ադրբեջանը բազմիցս ամենաբարձր մակարդակով պահանջել է, որ Հայաստանը փոխի Մայր օրենքը, որն ըստ Բաքվի` ռևանշիստական նկրտումներ է պարունակում Ադրբեջանի տարածքային ամբողջականության նկատմամբ։
«Փաշինյանի հետ մեկ հարցում եմ համաձայն, որ Սահմանադրության ճակատագիրը պետք է որոշի ժողովուրդը։ Սահմանադրությունը եթե դառնում է քաղաքական ուժերի կոմպրոմիսի արդյունք, ապա վերածվում է քաղիրավական փաստաթղթի»,-Sputnik Արմենիայի հետ զրույցում կարծիք է հայտնել Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչ Վարդան Այվազյանը։