Զգո՛ն եղեք. «Viva» ընկերությունը բաժանորդներին հորդորում է զգուշանալ նոր խարդախությունից

Բջջային կապի օպերատորը հորդորում է զերծ մնալ անձնական և բանկային տվյալներ, գեներացված կոդեր տրամադրելուց, ինչպես նաև կասկածելի հավելվածներ ներբեռնելուց:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի – Sputnik. Viva ընկերությունը բաժանորդներին հորդորում է զգուշանալ թվային խարդախության նոր եղանակից։
«Զգոն եղեք. անանուն զանգահարողը ներկայանում է որպես Viva-ի աշխատակից, տեղեկացնում, թե իբր զանգահարում է Զանգերի կենտրոնից և առաջարկում է միանալ ծառայությունների, ուղղորդում է դեպի կեղծ հավելված(ներ), որը (որոնք) ներբեռնելուց հետո խարդախները տիրանում են խաբված բաժանորդի հեռախոսի պարունակությանը, մուտք գործում ֆինանսական հավելվածներ, ձևակերպում վարկեր և այդ վարկային միջոցներն ուղարկում իրենց հաշիվներին»,–նշված է հաղորդագրության մեջ։
Ընդգծվում է, որ Viva-ի աշխատակիցները չեն զանգահարում բաժանորդներին և չեն առաջարկում հավելվածներ ներբեռնել: Բջջային կապի օպերատորը հորդորում է զերծ մնալ անձնական և բանկային տվյալներ, գեներացված կոդեր տրամադրելուց, ինչպես նաև կասկածելի հավելվածներ ներբեռնելուց:
«Կասկածներ ունենալու դեպքում խնդրում ենք կապվել Viva-ի հետ «My Viva» հավելվածով, 111 անվճար հեռախոսահամարով կամ մեր Ֆեյսբուքյան էջի միջոցով»,–նշված է հաղորդագրության մեջ:
Viva-ն պատասխանատվություն չի կրում բաժանորդների անձնական և բանկային տվյալները խարդախներին տրամադրելու հետևանքով պատճառված ֆինանսական կորուստների համար: