ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի – Sputnik. Ուկրաինայի զինուժը ապրիլի 15-ին և 16-ին 6 հարձակում է իրականացրել ռուսական էներգետիկ օբյեկտների վրա։ Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։
«Կիևի ռեժիմը, խախտելով մարտի 18-ից էներգետիկ օբյեկտներին ուղղված հարվածները 30 օրով դադարեցնելու մասին ռուս-ամերիկյան պայմանավորվածությունները, շարունակել է միակողմանի հարձակումները ռուսական էներգետիկ ենթակառուցվածքի վրա։ Արձանագրվել է 6 հարձակում», - ասված է հաղորդագրության մեջ։
Գերատեսչության տվյալներով՝ անօդաչուներով հարվածներ են հասցվել Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Խերսոնի մարզերի օբյեկտներին։
Հիշեցնենք` մարտին կայացավ Ռուսաստանի և ԱՄՆ–ի առաջնորդներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հեռախոսազրույցը։ Մարտի 18-ին Պուտինը ռուսական բանակին հրամայեց չհարվածել Ուկրաինայի էներգետիկ օբյեկտներին, ինչը ենթադրում էր, որ Կիևը նույնպես պետք է այդ քայլին գնա 30 ընթացքում։ Սակայն արդեն մարտի 20-ին ՌԴ քննչական կոմիտեն հայտնեց, որ ուկրաինական զինյալները նպատակաուղղված պայթեցրել են Կուրսկի մարզի «Սուջա» գազաբաշխիչ կայանը։
Մարտի 24-ին Էր Ռիադում տեղի ունեցան ԱՄՆ-ի և ՌԴ–ի պատվիրակությունների հերթական բանակցությունները։ Վաշինգտոնի ներկայացուցիչները հանդիպեցին նաև ուկրաինական կողմի հետ։ Մարտի 25-ին Կրեմլի մամուլի ծառայությունը հայտնեց, որ համաձայնեցվել է ռուսական և ուկրաինական այն էներգետիկ օբյեկտների ցանկը, որոնց վրա հարձակվել չի կարելի։ Դրանց թվում են նավթավերամշակման գործարանները, նավթագազատարները (պահեստները), ատոմակայանները, ՀԷԿ–երի ամբարտակները և այլն։