ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի - Sputnik. Քիշնևում շարունակվող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում այսօր Հայաստանի հավաքականի կազմում մրցահարթակ է դուրս եկել Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյանը, որը մրցել է 73կգ քաշային կարգում։
Պոկում ու հրում վարժություններում Սահակյանը համապատասխանաբար 153 կգ ու 185 կգ արդյունքներով բրոնզե փոքր մեդալներ նվաճեց, իսկ երկամարտի 338 կգ արդյունքով նվաճեց Եվրոպայի առաջնության երկամարտի արծաթե մեդալը։
Այս քաշային կարգում առաջինը թուրք Յուսուֆ Գենչն էր՝ 348 կգ ընդհանուր արդյունքով, երրորդը՝ Ռոբերտո Գուտուն Գերմանիայից (335 կգ):
Նշենք, որ ավելի վաղ Հայաստանի հավաքականին երկու մեդալ էին բերել Եվրոպայի փոխչեմպիոն դարձած Ալեքսանդրա Գրիգորյանը (55 կգ) և բրոնզե մեդալ նվաճած Գառնիկ Չոլակյանը (61 կգ):