ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի – Sputnik. 2024 թվականին ոստիկանության 4 063 ծառայող է դիմել ատեստավորման համար, որոնցից 1031–ն են հաղթահարել է ատեստավորման շեմը։ Ազգային ժողովում ՀՀ կառավարության 2024 թ. ծրագրի կատարողականի քննարկման ժամանակ այս տվյալները ներկայացրեց ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը։
Նա հայտնեց` եթե քրեական ոստիկանը նախկինում ստանում էր շուրջ 285 հազար դրամ աշխատավարձ, ապա այսօր այդ թիվը կրկնապատկվել է։
«Շատ են հնչում այնպիսի մտահոգություններ, թե ոստիկանությո՞ւնն է այն համակարգը, որտեղ պետք է փոփոխվեին աշխատավարձերը, վստահաբար այո՛, քանի որ ՀՀ քաղաքացու անվտանգությունն ապահովող իրավապահ կառույցի ներկայացուցիչը պիտի ունենա արժանապատիվ վարձատրություն»,– ասաց նախարարը։
Ինչ վերաբերում է պարեկների ծառայությանը, ապա Սարգսյանը հայտարարեց, որ նախորդ տասնամյակների համեմատ այսպիսի համայնքամետ պարեկային ծառայություն երբեք չի գործել։
«2021–24 թթ. ընթացքում Երևանում կաշառքի փորձ կատարելու 67, իսկ մարզերում` 29 դեպք է գրանցվել, որոնք արձանագրվել են հենց պարեկների կողմից։ Բնականաբար, բոլոր այս դեպքերում պարեկները բերման են ենթարկել իրավախախտին, որը համարձակություն է ունեցել կաշառք առաջարկել պարեկային ծառայողին»,– հայտարարեց նախարարը։
Նախարարն անդրադարձավ նաև փրկարար ծառայությանը` վստահեցնելով, որ 2025 թվականը այս ծառայության համար լինելու է մոդեռնիզացման տարի թե՛ գործառութային, թե՛ կառուցվածքային տեսանկյունից։