ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի – Sputnik. Կուրսկի վրա հակառակորդի անօդաչու թռչող սարքերի զանգվածային հարձակման հետևանքով զոհվել է խաղաղ բնակիչ, ևս ինը մարդ վիրավորվել է։ Այս մասին հայտնում են տարածաշրջանային իշխանությունները։
«Այս գիշեր Կուրսկը ենթարկվել է հակառակորդի զանգվածային հարձակման: Քաղաքացիական ենթակառուցվածքներին թիրախավորված անօդաչու թռչող սարքերի հարվածների հետևանքով մի քանի տներ հրդեհվել են: Ցավոք, 85-ամյա մի կին է մահացել... Եվս ինը մարդ վիրավորվել են, նրանք ստացել են բեկորային, գանգուղեղային վնասվածքներ, այրվածքներ»,- ասվում է տարածաշրջանային կառավարության Telegram– ալիքում:
Նշվում է, որ տուժածները հոսպիտալացվել են։ Զավոդսկայա փողոցի բազմաբնակարան շենքերից մեկում հրդեհից տուժել են 8-րդ և 9-րդ հարկերը. հրդեհը տեղայնացվել է Արտակարգ իրավիճակների նախարարության կողմից։ Շենքի բնակիչներն անհապաղ տարհանվել են և ներկայում գտնվում են ժամանակավոր կացարանում:
Հրդեհ է բռնկվել նաև Օրլովսկայա փողոցի բազմաբնակարան շենքի հինգ հարկերում և Վեսպրեմսկա փողոցում գտնվող շենքի հարկերից մեկում։ Այժմ այնտեղ աշխատում են շտապօգնության աշխատակիցներ։
Եվս երեք առանձնատուն տուժել է անօդաչու թռչող սարքի հարվածներից։ Հարձակումներից մեկը հարվածել է շտապօգնության ավտոպարկին՝ վնասելով 11 մեքենա։ Դեպքի վայրում աշխատում են արտակարգ իրավիճակների բոլոր ծառայությունները։
Հետևանքների մասին տեղեկությունները ճշտվում են։
Ապրիլի 14-ին Կուրսկի շրջանի մարզպետի պաշտոնակատար Ալեքսանդր Խինշտեյնը հայտնել է, որ Ուկրաինայի զինված ուժերի կողմից Զաբուժևկա գյուղի գնդակոծության հետևանքով երկու խաղաղ բնակիչ է զոհվել, ևս մեկը վիրավորվել է։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։