ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի – Sputnik. ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հավաստիացնում է, որ հենց սկզբից իրենք մտադրություն են ունեցել ստեղծել էթիկայի հանձնաժողով։
«Շատ վատ է, որ մինչև հիմա չունենք էթիկայի հանձնաժողով»,- ասաց Սիմոնյանը լրագրողների հետ ճեպազրույցում՝ նշելով, որ այն պետք է գործի մշտական հանձնաժողովի տրամաբանության մեջ։
Միաժամանակ նա նշեց, որ դեռևս չի քննարկվել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Անդրանիկ Քոչարյանի վարքագիծը քննելու համար էթիկայի հանձնաժողով ստեղծելու հարցը։
«Հարմար չի եղել, չենք քննարկել»,- ասաց Սիմոնյանը՝ հավատացնելով, որ անպայման կքննարկվի։
Հիշեցնենք` մարտի 20-ին ԱԺ–ում, երբ լրագրողները մոտեցան Անդրանիկ Քոչարյանին, նա լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանին հորդորեց մի քիչ այն կողմ կանգնել։ Լրագրողը հարցրեց պատճառը։ «Դուք ինձ միշտ խանգարում եք»,– պատասխանեց պատգամավորը։ Ջեբեջյանը զարմացավ. «Պարոն Քոչարյան, էս ի՞նչ բան է»։ ՔՊ–ականը նշեց. «Ես առաջնորդվում եմ հոգևորականի այն առաջարկով, որ Ձեզ արեց՝ մաքրեք ձեր շրթունքները»։ Այս միջադեպից հետո հայտնի դարձավ, որ լրագրողը ստորագրահավաք է կազմակերպել` դիմելով ԱԺ խմբակցություններին` ձևավորելու էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողով և քննելու Քոչարյանի վիրավորական վարքագիծը։