ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի – Sputnik. Իրանական կողմը հոռետեսորեն է տրամադրված և՛ ԱՄՆ-ի, և՛ նրա հետ բանակցությունների հարցում, սակայն լավատեսորեն է գնահատում այդ բանակցություններում Թեհրանի հնարավորությունները: Այս հայտարարությունն արել է Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին։
Նիդեռլանդների արտգործնախարար Կասպար Վելդկամպն ավելի վաղ ասել էր, որ ԱՄՆ-ի և Իրանի բանակցությունների երկրորդ փուլը կանցկացվի Հռոմում: Այս տեղեկությունը հաստատել էր նաև Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին։ Սակայն ապրիլի 14-ին Իրանի ԱԳՆ ներկայացուցիչը հայտնել էր, որ բանակցությունների երկրորդ փուլը տեղի կունենա նաև Օմանի մայրաքաղաք Մասկատում:
«Օմանում նախատեսված հանդիպումը ԱԳՆ-ի տասնյակ թիրախներից մեկն է։ Եկեք երկրի խնդիրները չկապենք բանակցությունների հետ։ Մենք շատ հոռետեսորեն ենք տրամադրված մյուս կողմի նկատմամբ, սակայն լավատեսորեն ենք գնահատում մեր սեփական հնարավորությունները», - հայտարարել Է Խամենեին։
Հիշեցնենք, որ ապրիլի 12-ին Օմանի մայրաքաղաքում կայացել են Սթիվ Ուիտկոֆի և Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի միջնորդավորված բանակցությունները: Ամերիկյան բանագնացի խոսքով՝ հանդիպումն անցել է դրական և կառուցողական մթնոլորտում։ Արաղչին իր հերթին շնորհակալություն է հայտնել Օմանի արտգործնախարարին` իրանական և ամերիկյան պատվիրակությունների միջև կարծիքների փոխանակման հարցում ցուցաբերած ջանքերի համար և հայտարարել, որ Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների երկրորդ փուլը տեղի կունենա ապրիլի 19-ին:
Մարտի սկզբին Դոնալդ Թրամփը հայտնել էր, որ նամակ է հղել Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիին և գրել, որ նախընտրում է միջուկային հարցը կարգավորել խաղաղ ճանապարհով: Ավելի ուշ նա հստակեցրել էր, որ դիտարկում է երկու սցենար՝ դիվանագիտական և ռազմական՝ առաջնահերթություն տալով բանակցություններին։ Ըստ «Axios»–ի` Խամենեիին ուղղված նամակում Թրամփը պայման է դրել` նոր միջուկային գործարքը կնքել երկու ամսվա ընթացքում:
Մարտի 27-ի երեկոյան Իրանի ԱԳՆ ղեկավարը հայտարարեց, որ Թրամփի նամակի պատասխանն ուղարկվել է Օմանով։ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի խոսքով` Թեհրանը Վաշինգտոնին ուղղված պատասխան նամակում հրաժարվել է միջուկային ծրագրի շուրջ ԱՄՆ-ի հետ ուղիղ բանակցություններից, բանակցությունների պատուհանը բաց է միայն երրորդ երկրների միջնորդությամբ։
2015 թվականին Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Չինաստանը, Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Ֆրանսիան և Իրանը միջուկային գործարք կնքեցին՝ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիր (ԳՀՀԾ), որը ենթադրում էր պատժամիջոցների վերացում Իրանի միջուկային ծրագրի սահմանափակման դիմաց: 2018 թվականի մայիսին ԱՄՆ-ն Դոնալդ Թրամփի օրոք դուրս եկավ ԳՀՀԾ-ից և վերականգնեց Թեհրանի դեմ պատժամիջոցները։ Ի պատասխան Իրանը հայտարարեց համաձայնագրի շրջանակում իր պարտավորությունների փուլային կրճատման մասին՝ հրաժարվելով միջուկային հետազոտությունների, ցենտրիֆուգների և ուրանի հարստացման մակարդակի սահմանափակումներից: