ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի – Sputnik. ԱՄՆ-ի և Իրանի միջև ցանկացած գործարք պետք է ներառի ուրանի հարստացման և զանգվածային ոչնչացման զենքի ստեղծման իրանական ծրագրի դադարեցման դրույթներ: Այս հայտարարությունն արել է ԱՄՆ նախագահի` Մերձավոր Արևելքի հարցերով հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆը։
«Իրանի հետ գործարք կկնքվի միայն այն դեպքում, եթե դա լինի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հովանու ներքո։ Ցանկացած վերջնական համաձայնագիր պետք է Մերձավոր Արևելքում խաղաղության, կայունության և բարգավաճման շրջանակներ սահմանի, իսկ դա նշանակում է, որ Իրանը պետք է դադարեցնի և վերացնի միջուկային հարստացման և զանգվածային ոչնչացման զենքի ստեղծման իր ծրագիրը», - գրել է Ուիտկոֆը X սոցիալական ցանցում:
Հիշեցնենք, որ ապրիլի 12-ին Օմանի մայրաքաղաքում կայացել են Սթիվ Ուիտկոֆի և Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի միջնորդավորված բանակցությունները: Ամերիկյան բանագնացի խոսքով՝ հանդիպումն անցել է դրական և կառուցողական մթնոլորտում։ Արաղչին իր հերթին շնորհակալություն է հայտնել Օմանի արտգործնախարարին` իրանական և ամերիկյան պատվիրակությունների միջև կարծիքների փոխանակման հարցում ցուցաբերած ջանքերի համար և հայտարարել, որ Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների երկրորդ փուլը տեղի կունենա ապրիլի 19-ին:
Մարտի սկզբին Դոնալդ Թրամփը հայտնել էր, որ նամակ է հղել Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիին և գրել, որ նախընտրում է միջուկային հարցը կարգավորել խաղաղ ճանապարհով: Ավելի ուշ նա հստակեցրել էր, որ դիտարկում է երկու սցենար՝ դիվանագիտական և ռազմական՝ առաջնահերթություն տալով բանակցություններին։ Ըստ «Axios»–ի` Խամենեիին ուղղված նամակում Թրամփը պայման է դրել` նոր միջուկային գործարքը կնքել երկու ամսվա ընթացքում:
Մարտի 27-ի երեկոյան Իրանի ԱԳՆ ղեկավարը հայտարարեց, որ Թրամփի նամակի պատասխանն ուղարկվել է Օմանով։ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի խոսքով` Թեհրանը Վաշինգտոնին ուղղված պատասխան նամակում հրաժարվել է միջուկային ծրագրի շուրջ ԱՄՆ-ի հետ ուղիղ բանակցություններից, բանակցությունների պատուհանը բաց է միայն երրորդ երկրների միջնորդությամբ։
2015 թվականին Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Չինաստանը, Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Ֆրանսիան և Իրանը միջուկային գործարք կնքեցին՝ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիր (ԳՀՀԾ), որը ենթադրում էր պատժամիջոցների վերացում Իրանի միջուկային ծրագրի սահմանափակման դիմաց: 2018 թվականի մայիսին ԱՄՆ-ն Դոնալդ Թրամփի օրոք դուրս եկավ ԳՀՀԾ-ից և վերականգնեց Թեհրանի դեմ պատժամիջոցները։ Ի պատասխան Իրանը հայտարարեց համաձայնագրի շրջանակում իր պարտավորությունների փուլային կրճատման մասին՝ հրաժարվելով միջուկային հետազոտությունների, ցենտրիֆուգների և ուրանի հարստացման մակարդակի սահմանափակումներից: