ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի – Sputnik. «Պատիվ ունեմ» կուսակցությունների դաշինքի օգտին քվեարկելու դիմաց ընտրակաշառք առաջարկած մեղադրյալը 4 տարի անց ազատազրկվել է։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ դատախազության մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ մեղադրյալի վերաբերյալ քրեական վարույթը դատախազը մեղադրական եզրակացությամբ Հակակոռուպցիոն դատարան է հանձնել 2024 թվականի մարտի 25-ին։
Արարատի մարզի համայնքներից մեկի բնակիչ Կ.Խ.-ն 2021 թվականի հունիսի 19-ին՝ ժամը 22:00-ի սահմաններում, այցելել է նույն համայնքի բնակիչ Ա.Վ.-ի բնակարան և «Պատիվ ունեմ» դաշինքի օգտին յուրաքանչյուր քվեի դիմաց՝ որպես ընտրակաշառք, առաջարկել 30 հազար դրամ: Ա.Վ.–ն առաջարկը մերժել էր, բայց նրա դուստրերից մեկը համաձայնել էր ու ստացել ընտրակաշառք։ Մի քանի ամիս Կ.Խ.-ի գտնվելու վայրը պարզ չի եղել, նրա նկատմամբ հայտարարվել էր հետախուզում, այնուհետև որոշվել էր, որ նա պետք է կալանավորվի։ 2024 թվականի մարտի 5-ին Կ.Խ.-ն ներկայացել էր ՆԳՆ ոստիկանության Արարատի բաժին, որտեղ ձերբակալվել էր։
«Հակակոռուպցիոն դատարանի` 2024 թվականի մարտի 6-ի որոշմամբ` մեղադրյալ Կ.Խ.-ի նկատմամբ կիրառվել էին համակցված այլընտրանքային խափանման միջոցներ՝ տնային կալանք` 2 ամիս ժամկետով, 1 մլն դրամի չափով գրավ և բացակայելու արգելք: Հակակոռուպցիոն դատարանի` 2024 թվականի մայիսի 17-ի դատավճռով Կ.Խ.-ն մեղավոր էր ճանաչվել, նրա նկատմամբ վերջնական պատիժ էր նշանակվել ազատազրկումը՝ 4 տարի 6 ամիս ժամկետով, որը պայմանականորեն չէր կիրառվել ու սահմանվել էր փորձաշրջան՝ 4 տարի ժամկետով: Գլխավոր դատախազությունը դրա դեմ վերաքննիչ բողոք էր բերել, որը Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը հուլիսի 15-ին մերժել էր: Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի կողմից ներկայացվել էր վճռաբեկ բողոք, որը բավարարվել է»,– ասված է հաղորդագրությունում:
Վճռաբեկ դատարանը 2025 թվականի ապրիլի 10-ի որոշմամբ փոփոխել է Կ.Խ.-ի վերաբերյալ Հակակոռուպցիոն դատարանի և Վերաքննիչ հակակոռոպցիոն դատարանի որոշումները, վերացրել Կ.Խ.-ի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելը և թողել կրելու 4 տարի 1 ամիս 17 օր ժամկետով ազատազրկումը:
Վճռաբեկ դատարանի որոշումն ուժի մեջ է մտել հրապարակման պահից: