Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

Ուկրաինայի զինված ուժերի հրետակոծության հետևանքով Կուրսկի մարզում 2 խաղաղ բնակիչ է զոհվել

Տարածաշրջանի ղեկավարը բնակիչներին կրկին հիշեցրել է սահմանամերձ մի շարք բնակավայրերում գտնվելու վտանգի մասին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի - Sputnik. ՌԴ Կուրսկի մարզի Զաբուժևկա գյուղի հրետակոծության հետևանքով 2 խաղաղ բնակիչ է զոհվել, ևս 1-ը վիրավորվել է։ Այս մասին Telegram-ալիքում հայտնել է Կուրսկի մարզպետի պաշտոնակատար Ալեքսանդր Խինշտեյնը։
«Այսօր Ուկրաինայի զինված ուժերը հրետակոծել են Բելովսկի շրջանի Զաբուժևկա գյուղը, որի մուտքն օպերշտաբի որոշմամբ սահմանափակված է։ Ցավոք, հարձակման հետևանքով զոհվել է 2 խաղաղ բնակիչ՝ 51-ամյա տղամարդ և 61-ամյա կին»,-նշել է պաշտոնյան։
Բացի այդ, 1945 թվականին ծնված մեկ այլ կին ստացել է լսողական համակարգի վնասվածք։ Այժմ նա գտնվում է բժիշկների հսկողության տակ, վիճակը գնահատվում է միջին ծանրության։
«Տեղի ունեցած ողբերգությունն ակնհայտորեն հաստատում է, թե ինչու է օպերշտաբը սահմանափակում մուտքը սահմանամերձ մի շարք բնակավայրեր։ Թշնամին մեր խաղաղ քաղաքներն ու գյուղերը գրոհելու ստոր փորձերից չի հրաժարվում։ Գտնվել այդ գյուղերում՝ նշանակում է վտանգել սեփական կյանքը», - ընդգծել է Խինշտեյնը։
Նշենք, որ ապրիլի 11-ին Կուրսկի մարզպետի պաշտոնակատարը հայտնել էր Ուկրաինայի զինված ուժերի անօդաչու թռչող սարքի հարվածի հետևանքով խաղաղ բնակչի մահվան մասին:
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։