Դատարանը մերժել է Ստամբուլի նախկին քաղաքապետին կալանքից ազատելու մասին միջնորդությունը

Ստամբուլի պաշտոնանկ արված քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի փաստաբանները նրա ձերբակալության դեմ բողոք են ներկայացրել ապրիլի 7-ին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի - Sputnik. Դատարանը չի բավարարել Ստամբուլի նախկին քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի փաստաբանների միջնորդությունը, որով պահանջվում է ազատել նրան կալանքից, հայտնում է AHaber հեռուստաալիքը։
Ստամբուլի պաշտոնանկ արված քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի փաստաբանները ապրիլի 7-ին բողոքարկել են նրա կալանքը՝ հայտարարելով հետաքննության ընթացքում կիրառված անօրինական ընթացակարգի մասին և պահանջելով ազատ արձակել իրենց պաշտպանյալին:
Թուրքիայի խոշորագույն ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցությունը (CHP) պնդում է, որ հավաքել է իր կողմնակիցների ավելի քան 10 միլիոն ստորագրություն, որոնք պահանջում են վաղաժամկետ նախագահական ընտրություններ անցկացնել և ազատ արձակել Ստամբուլի ձերբակալված քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուին:
Թուրքիայում զանգվածային բողոքի ցույցեր են սկսվել մարտի 19-ին՝ կոռուպցիայի մեջ մեղադրվող Էքրեմ Իմամօղլուի ձերբակալությունից հետո: Հնարավոր արտահերթ ընտրություններում Էրդողանի գլխավոր հակառակորդներից մեկը համարվող քաղաքական գործիչն ավելի ուշ կալանավորվել է և հեռացվել Ստամբուլի քաղաքապետի պաշտոնից: Նրանից բացի, հետաքննության տակ են գտնվում քաղաքապետարանի տասնյակ պաշտոնյաներ։ Չնայած հանրահավաքների արգելքին՝ Իմամօղլուին աջակցող բողոքի ցույցերը շարունակվում են։ Ինքը՝ քաղաքական գործիչը, հայտարարել է, որ մտադիր չէ ենթարկվել իշխանությունների ճնշմանը։