ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի – Sputnik. ՌԴ սպորտի նախարար, Ռուսաստանի օլիմպիական կոմիտեի (ՌՕԿ) ղեկավար Միխայիլ Դեգտյարյովը 2028 թվականի օլիմպիական խաղերին Ռուսաստանի հավաքականի լիարժեք մասնակցության հնարավորությունը 99% է գնահատում։ Նա այդ մասին ասել է լրագրողների հետ զրույցում։
Օլիմպիական խաղերն անցկացվելու են հուլիսի 14-30-ը Լոս Անջելեսում։
«99% է հավանականությունը, որ Ռուսաստանի ազգային հավաքականը դրոշով և օրհներգով կմասնակցի օլիմպիական խաղերին: Ձեզ հետ Լոս Անջելես կմեկնենք 2028 թվականի ամռանը», – ասել է Դեգտյարյովը։
Հիշեցնենք` ռազմական հատուկ գործողությունների մեկնարկից ի վեր ՌԴ մարզիկներին արգելվել է մասնակցել միջազգային մրցումներին։ Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) համաձայն՝ միջազգային մրցաշարեր չեն կարող անցկացվել նաև Ռուսաստանի տարածքում։ ՄՕԿ-ը նաև մի շարք խիստ սահմանափակումներ է մտցրել, ինչի հետևանքով կազմակերպությունը միայն 15 ռուսաստանցու թույլ տվեց մասնակցել Փարիզի օլիմպիական խաղերին։ Մարզիկները հանդես եկան չեզոք կարգավիճակով՝ առանց Ռուսաստանի դրոշի և օրհներգի։