Ռուսաստանն ու Ուկրաինան Անկարայում Սև ծովի հարցով բանակցություններ կանցկացնեն. CNN Türk

Այլ մանրամասներ դեռ չեն հաղորդվում: Կողմերից ոչ մեկը պաշտոնական հայտարարություն չի արել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ,13 ապրիլի — Sputnik. Սև ծովում նավագնացության անվտանգության հարցով Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների բանակցությունները տեղի կունենան ապրիլի 15-16-ը Անկարայում: Այս մասին հայտնել է CNN Türk հեռուստաալիքը՝ հղում անելով Թուրքիայի պաշտպանության նախարարությանը:
Ավելի վաղ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանի հետ Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում քննարկել էր Սև ծովում և Անդրկովկասում տիրող իրավիճակը, ինչպես նաև առաջիկա երկկողմ շփումների ժամանակացույցը:
Ինչպես ընդգծել է Ֆիդանը, իրենց երկրի դռները բաց են Մոսկվայի և Կիևի բանակցությունների համար՝ կողմերի համաձայնության դեպքում:
Վլադիմիր Պուտինն ու Դոնալդ Թրամփը մարտի 18-ին հեռախոսազրույց են ունեցել, որը տևել է շուրջ երկու ժամ: Պետությունների ղեկավարները պայմանավորվել են անհապաղ տեխնիկական քննարկումներ սկսել Սև ծովում հրադադարի, լիակատար զինադադարի և մշտական խաղաղության ռեժիմի սահմանման շուրջ: