ԵՐԵՎԱՆ,13 ապրիլի — Sputnik. Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) հարվածելէ Գազայի հյուսիսում գտնվող «Ալ Ահլի» հիվանդանոցին, որտեղ, ըստ ՑԱԽԱԼ–ի, գտնվում է պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման հրամանատարական կենտրոնը: Բանակի հաղորդագրությունը մեջբերում է ՌԻԱ Նովոստին:
«Իսրայելի պաշտպանության բանակը հարված է հասցրել Գազայի հյուսիսում գտնվող «Ալ Ահլի» հիվանդանոցի ՀԱՄԱՍ-ի կողմից օգտագործվող հրամանատարական-վերահսկողական կենտրոնին։ ՀԱՄԱՍ-ի ահաբեկիչներն այդ համալիրն օգտագործել են իսրայելցի քաղաքացիական անձանց և զինծառայողների դեմ ահաբեկչական հարձակումներ պլանավորելու և իրականացնելու համար», - ասվում է բանակի հաղորդագրության մեջ:
Մարտի 18-ի գիշերը Իսրայելի պաշտպանության բանակը վերսկսել է հարվածները Գազայի հատվածի ուղղությամբ: Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է, որ հարձակումները շարունակվել են, որովհետև պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման կողմից հրադադարի ռեժիմի երկարաձգման և պատանդների ազատման ամերիկյան ծրագիրը չի ընդունվել:
Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև հրադադարը պաշտոնապես ավարտվել է մարտի 1-ին, սակայն ռազմական գործողությունները չեն վերսկսվել Գազայի կարգավորման բանակցություններին կողմերին ներգրավելու միջնորդների փորձերի շնորհիվ: Այնուամենայնիվ, Իսրայելը դադարեցրել է էլեկտրաէներգիայի մատակարարումը Գազայի հատվածի աղազերծման կայան և փակել մուտքը Գազա մարդասիրական օգնություն տեղափոխող բեռնատարների համար: