ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի - Sputnik. Ուկրաինայի զինված ուժերի կողմից Գորլովկայի հրետակոծության հետևանքով մի կին է զոհվել։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով քաղաքապետ Իվան Պրիխոդկոյին։
«Ուկրաինացի նացիստների կողմից Կոմարովո ավանի հրետակոծության հետևանքով Գորլովկայում խաղաղ բնակիչ է զոհվել»,– նշել է Պրիխոդկոն:
Ուկրաինայի ռազմական հանցագործությունների փաստագրման հարցերով ԴԺՀ-ի ղեկավարի վարչակազմի և կառավարության տվյալների համաձայն՝ օրվա սկզբից Ուկրաինայի զինված ուժերը 3 անգամ գնդակոծել են Գորլովկան՝ արձակելով ՆԱՏՕ-ի ստանդարտ հանդիսացող 155 մմ տրամաչափի 8 արկ:
Գորլովկան գտնվում է Դոնեցկից 50 կմ հյուսիս, քաղաքում են գտնվում «Ստիրոլ» քիմիական կոնցեռնը և ածխահանող ձեռնարկություններ։ Քաղաքը ԴԺՀ-ի խոշորագույն բնակավայրերից մեկն է, Դոնբասում հակամարտության սկսվելուց առաջ ուներ ավելի քան 250 հազար բնակչություն:
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։