ՌԴ–ն նախկին ՔՊ–ական Թաթուլ Ասիլյանին կհանձնի Հայաստանին

Թաթուլ Ասիլյանը ՌԴ–ում հայտնաբերվել և կալանավորվել էր դեռ 2024 թվականի սեպտեմբերին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի – Sputnik. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախկին անդամ Թաթուլ Ասիլյանին Ռուսաստանը կհանձնի Հայաստանին։
«Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության միջնորդությունը բավարարվել է ՌԴ գլխավոր դատախազության կողմից. Թ.Ա.-ն կհանձնվի ՀՀ իրավասու մարմիններին»,– Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազությունից։
Նա մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 440-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։
Հիշեցնենք` 2024 թվականի մայիսին Ասիլյանի նկատմամբ հետախուզում էր հայտարարվել ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոց վարելու կամ սթափության վիճակի զննություն անցնելուց հրաժարվելու հոդվածով։
Այս հոդվածով մեղավոր ճանաչված անձը պատժվում է ազատության սահմանափակմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ մեկից չորս տարի ժամկետով:
ՌԴ–ում նրան հայտնաբերել և կալանավորել էին 2024 թվականի սեպտեմբերի 23-ին։
Հավելենք, որ Թաթուլ Ասիլյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ակտիվորեն սատարողներից է։ Նա ՔՊ վարչության անդամ էր, սակայն 2023 թվականի նոյեմբերի 13-ին հեռացվեց կուսակցությունից։
Ասիլյանը հայտնի դարձավ 2023 թվականին այն բանից հետո, երբ սկսեց սոցցանցերում կոչ անել ՀՀ-ից արտաքսել բռնի տեղահանված այն արցախցիներին, որոնք կմասնակցեն ընդդիմության ցույցերին։