ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի - Sputnik. Նոր տարածաշրջանների բնակիչները քվեարկել են Ռուսաստանին միանալու օգտին՝ իրենց օրինական իրավունքները վերականգնելու համար, որոնք պետք է ապահովվեն 100%-ով։ Կիևի ռեժիմի վերաբերմունքը տարածքային իրողությունների նկատմամբ դեր չի խաղում: Անթալիայի դիվանագիտական համաժողովում հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
Լավրովի ելույթի առիթով միջոցառման վարողը կարծիք է հայտնել, որ «Կիևը երբեք չի ճանաչի ոչ մի սահման, բացի նրանցից, որոնք ունեցել է 1991 թվականի դրությամբ»:
«Խոսքը նրանց (ուկրաինական իշխանությունների - խմբ.) կողմից այլ սահմանների ընդունման մասին չէ, այլ մարդկանց բնական իրավունքները լիարժեք ապահովելու։ Եվ եթե ուկրաինական նացիստական ռեժիմը (այլ կերպ չեմ կարող նկարագրել) վայելում է Եվրամիության հովանավորչությունը, որը ոչ մի խոսք չասաց Ուկրաինայում մարդու իրավունքների հետ կապված իրավիճակի մասին, ապա դա մեր խնդիրը չէ։ Մենք լսել ենք այն մարդկանց, որոնք հանրաքվեով արտահայտել են Ռուսաստանին միանալու կամքը` վերականգնելու իրենց իրավունքները», - պատասխանել է Լավրովը։
Նրա խոսքով՝ Ռուսաստանն ուկրաինական կարգավորման համատեքստում մտահոգված է ոչ թե տարածքների, այլ մարդկանց խնդրով։
«Տարածքների վերաբերյալ ուզում եմ ընդգծել մի շատ կարևոր բան. մենք դրանց համար չենք պայքարում, այլ մարդկանց։ Մարդիկ, որոնք ապրում են այդ տարածքներում, որոնց նախնիները դարեր շարունակ ապրել են այնտեղ, որոնք հիմնել են այնպիսի քաղաքներ, ինչպիսին է Օդեսան, կառուցել են ճանապարհներ, նավահանգիստներ, գործարաններ: Մարդկանց, ովքեր ապրել են այնտեղ, այժմ զրկում են բոլոր մարդկային իրավունքներից», – ասել է ՌԴ ԱԳ նախարարը։
Լավրովը նաև հայտնել է, որ ռուսական կողմը Անթալիայի դիվանագիտական համաժողովի շրջանակներում Ուկրաինայի ներկայացուցիչների հետ շփումներ չի ունեցել:
«Որքանով ինձ է հայտնի՝ ոչ», – հայտարարել է Լավրովը:
Խոսելով ուկրաինական ճգնաժամի կարգավորմանն ուղղված ԱՄՆ ջանքերի մասին՝ ՌԴ ԱԳ նախարարը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այն սակավաթիվ արևմտյան առաջնորդներից է, որոնք հասկանում են, որ խնդիրը կարելի է լուծել միայն դրա արմատական պատճառները վերացնելով:
« Նախագահ Թրամփը դարձել է առաջին, և կարծում եմ՝ առայժմ միակ արևմտյան առաջնորդը, որը բազմիցս կրկնել է, որ սխալ էր Ուկրաինային ՆԱՏՕ-ի մեջ ներքաշելը։ Եվ դա այն հիմնական պատճառներից մեկն է, որը մենք բազմիցս մատնանշել ենք», – ասել է Լավրովը։
Ինչպես նշել է նախարարը, ուկրաինական կարգավորման համատեքստում ԱՄՆ-ն ընկալում է տարածքային հարցերի լուծման անհրաժեշտությունը:
«Նրանք ընդունում են, որ տարածքային հարցերը պետք է լուծվեն երկարաժամկետ կարգավորման հաստատման համատեքստում», – ասել է նա:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հունվարին երկրի Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ խորհրդակցության ժամանակ հայտարարել էր, որ Ուկրաինայում հակամարտության կարգավորման նպատակը պետք է լինի ոչ թե կարճատև զինադադարը և ուժերի վերախմբավորման և վերազինման համար ընդմիջումը՝ հակամարտության հետագա շարունակման նպատակով, այլ երկարաժամկետ խաղաղությունը: Նրա խոսքով՝ Ռուսաստանի իշխանությունները կշարունակեն պայքարել ռուս ժողովրդի շահերի համար, սա է հատուկ ռազմական գործողության իմաստը: Պուտինը նշել է, որ Ուկրաինայում խաղաղությունը պետք է հիմնված լինի «այս տարածաշրջանում ապրող բոլոր մարդկանց, բոլոր ժողովուրդների օրինական շահերի հարգանքի վրա»։