ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի – Sputnik. ԵԽԽՎ նախագահ Թեոդորոս Ռուսոպուլոսը հայտնվել է Ադրբեջանի սև ցուցակում: Այս մասին ասվում է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեի մեկնաբանության մեջ։
«Հարկ է նշել, որ Թեոդորոս Ռուսոպուլոսը ներառված է Ադրբեջանի սև ցուցակում, ինչպես նաև ԵԽԽՎ 76 անդամներ, որոնք պաշտպանել են ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության լիազորությունները կասեցնելու անարդար և իրավաբանորեն կասկածելի նախաձեռնությունը: Եթե Ռուսոպուլոսը փորձի խցկվել Ադրբեջան, նա դուրս կշպրտվի», - հայտարարել է Ադրբեջանի դիվանագիտական գերատեսչությունը։
Ադրբեջանին զայրացրել է այն փաստը, որ Ռուսոպուլոսը Իլհամ Ալիևին բռնապետ է անվանել:
«Մեր երկրի առաջնորդին «բռնապետ» անվանելն ու նրան վիրավորելը բացարձակապես անընդունելի է, դա քաղաքական տգիտության և բթամտության դրսևորում է։ Վեհաժողովում ներկայիս հիստերիկ իրավիճակը և ԵԽԽՎ ղեկավար հանդիսացող բռնապետ Ռուսոպուլոսն այդ կառույցում տիրող ողբալի իրավիճակի վկայությունն են։ Նմանատիպ իրավիճակ է նաև Եվրոպական խորհրդարանում», - ասվում է Ադրբեջանի ԱԳՆ մեկնաբանության մեջ։
Հիշեցնենք, որ պատասխանելով Alpha News-ի հարցին` ԵԽԽՎ նախագահ Թեոդորոս Ռուսոպուլոսն ընդգծել էր, որ Եվրոպայի խորհրդի վերաբերյալ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունները հաստատում են Վեհաժողովում ադրբեջանական պատվիրակությանը լիազորություններից զրկելու իրավացիությունը: Ինչպես նշել է Ռուսոպուլոսը, ԵԽԽՎ-ն չի վախենում «ո՛չ Ալիևից, ո՛չ իրեն բռնապետի պես պահող մեկ ուրիշից»: