Վատ կեցվածք, ողնաշարի խնդիրներ, մկանային թուլություն, ձեռքերի և դաստակների խնդիրներ, արյան շրջանառության խանգարումներ, սրանք այն առողջական խնդիրներն են, որոնք կարող են ի հայտ գալ օրվա ընթացքում հեռախոսներից և պլանշետներից ոչ ճիշտ դիրքով մի քանի ժամ շարունակ օգտվելիս։
Մասնագետներն ահազանգում են, որ խնդիրն առավել տարածված է դեռահասների շրջանում, ովքեր չեն կառավարում էկրանային ժամանակը, և տարվելով խաղով կամ սոցաիալական ցանցերով կորցնում են ժամանակի զգացողությունը:
Հետազոտությունները փաստում են, որ դեռահասների 65.1 տոկոսի մոտ ավելի տարածված է կրծքային-գոտկային ողնաշարի հատվածում ցավային զգացողությունը, որին հաջորդում է վերին վերջույթների ցավը, կազմելով գանգատների 20 տոկոսը: Էլեկտրոնային սարքերի չափից շատ օգտագործումը ռիսկի գործոն է եղել պարանոցային և գոտկային ցավերի համար:
«Համակարգիչներից, հեռախոսներից ու պլանշետներից ոչ ճիշտ կեցվածքով օգտվելը կարող է հանգեցնել ողնաշարի դեֆորմացիաների»,-Sputnik Արմենիայի հետ զրույցում նշել է Երևանի պետական բժշկական համալսարանի առողջապահական ծրագրերի ազգային գիտահետազոտական կենտրոնի`Հերացի վերլուծական կենտրոնի ղեկավար, Համաճարակաբանության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Մերի Տեր-Ստեփանյանը։