ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի – Sputnik. Թուրքիան շարունակում է Հայաստանի հետ հարաբերությունների համակարգված կարգավորման գործընթացը։ Անթալիայում դիվանագիտական ֆորումի շրջանակներում ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
«Anadolu» գործակալության փոխանցմամբ՝ Էրդողանը գոհունակություն է հայտնել Երևանի և Բաքվի միջև խաղաղ գործընթացի կապակցությամբ: Նա նշել է, որ Թուրքիան ցանկանում է Ադրբեջանին տեսնել որպես «Հարավային Կովկասի խաղաղության ճարտարապետ»՝ հավելելով, որ Թուրքիան շարունակում է Հայաստանի հետ հարաբերությունների համակարգված կարգավորման գործընթացը:
Կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունների վիճակը, տարածաշրջանային և միջազգային թեմաներ:
Նշենք, որ Անթալիայի համաժողովին մասնակցում են նաև ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը: Վերջինս ավելի վաղ հանդիպում է ունեցել Թուրքիայի իր գործընկեր Սերդար Քըլըչի հետ։ Վաղը նախատեսվում է Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի արտգործնախարարների մասնակցությամբ պանելային քննարկում: