ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի - Sputnik. Հայ-թուրքական սահմանի բացման հարցում առաջընթաց չկա։ Այս մասին հայտարարել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը։
«Ոչ, այդ կապակցությամբ առաջընթաց չկա», - ասել է դիվանագետը՝ պատասխանելով ՌԻԱ Նովոստիի հարցին:
Անդրադառնալով հայկական կողմի հետ հաջորդ բանակցություններիժամկետին՝ Քըլըչը հայտարարել է, որ թուրքական կողմը ցանկանում է զարգացնել գործընթացը և կապի մեջ է Հայաստանի հետ: Սակայն այս պահին բանակցությունների կոնկրետ ժամկետներ նախատեսված չեն։
Ավելի վաղ Անթալիայում դիվանագիտական ֆորումի շրջանակներում կայացել էր երկու երկրների հատուկ ներկայացուցիչների հանդիպումը: Հայաստանի ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի գնահատմամբ՝ հանդիպումը դրական էր:
Հիշեցնենք` 2022 թվականին հայ և թուրք բանագնացները համաձայնություն էին ձեռք բերել երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագրեր ունեցող անձանց համար սահմանը բացելու մասով, սակայն մինչ այս պահն այն փակ է մնում քաղաքական որոշման բացակայության պատճառով։
Հավելենք, որ 2025թ–ի փետրվարի 25–ից Հայաստան-Թուրքիա պետական սահմանի «Մարգարա» անցման կետում սահմանային ծառայությունն իրականացվում է բացառապես ՀՀ սահմանապահ զորքերի ուժերով։