ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի – Sputnik. «Լոկոմոտիվի» նախկին նախագահ Նիկոլայ Նաումովը կարծում է, որ Հայաստանի հավաքականի պաշտպան Նաիր Տիկնիզյանին խանգարում է արտասահմանյան ակումբ տեղափոխվելու ցանկությունը: Նա այդ մասին ասել է championat.com–ին։
«Ինձ թվում է՝ Եվրոպա մեկնելու ցանկությունը փչացնում է Տիկնիզյանի կարիերան։ Տրանսֆերներն անընդհատ ձախողվում են, գործակալները հնարավոր տեղափոխության տարբերակներ են ձեռնարկում, բայց ոչինչ չի ստացվում, արդյունքում նրա մարզավիճակը վատացել է։ Նաիրը շատ ավելի վատ տեսք ունի, քան նախկինում։ Դա խանգարում է ֆուտբոլին։ Հավանաբար ճիշտ կլինի, եթե «Լոկոմոտիվը» չերկարաձգի նրա հետ պայմանագիրը։ Հաճախ է պատահում, որ ֆուտբոլիստները չեն կարողանում այլ ակումբներ գնալ, և դա նրանց շեղում է խաղից։ Նույնը Նաիրի հետ է կատարվում», - ասել է նա։
ԶԼՄ–ներն ավելի վաղ գրել էին, որ Հայաստանի հավաքականի և Մոսկվայի «Լոկոմոտիվի» պաշտպանով հետաքրքրված են Իսպանիայի երեք ակումբներ՝ «Բետիսը», «Լեգանեսը» և «Սևիլիան»:
Նաիր Տիկնիզյանը «Լոկոմոտիվում» հանդես է գալիս 2021 թվականից։ Նա ծնվել է Ռուսաստանում, 2023 թվականի մարտին որոշել է հանդես գալ Հայաստանի հավաքականում։